Ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդ

13 Հունիսի 2023, 12:55

Քաղաքականություն

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Պատվիրակության կազմում են Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը, կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին և Երևանում գտնվող մի շարք այլ պաշտոնյաներ։

Նշենք, որ ՌԴ պատվիրակությունը Հայաստան է ժամանել ռուս-հայկական գիտակրթական համաժողովին մասնակցելու նպատակով:

Համաժողովը տեղի կունենա հունիսի 13-14-ը։ Այն նվիրված է գիտական համագործակցության, շարունակական կրթության համակարգի ձևավորման, միջնակարգ կրթության զարգացման, նորարարությունների հարցերին։ Քննարկվելու են նաև փոխգործակցության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են առողջապահությունը և ռուսաց լեզուն: