Ռուս-հայկական հարաբերությունները վերջին շրջանում այնքան էլ լավ չեն. Նիկոլայ Սիլաև

23 Դեկտեմբերի 2024, 23:10

Կարծիք | Քաղաքականություն

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը։

Փորձագետի կարծիքով, Հայաստանի ղեկավարության գործողությունների տրամաբանությունը երկար տարիներ անհասկանալի է:

«Կարծում եմ, որ Հայաստանի համար երկու երկրների (Ռուսաստանի և Հայաստանի) տնտեսությունների կապն այնքան կարևոր է, որ այդ կապը պետք է պաշտպանված լինի, և լավ կլիներ, որ այն քաղաքական երաշխիքներ ունենար։ Ըստ ամենայնի, Հայաստանի ղեկավարությունն այդպես չի կարծում՝ դատելով վերջին տարիներին տեղի ունեցածից։ Փաստն այն է, որ ընդհանուր առմամբ ռուս-հայկական հարաբերությունները վերջին շրջանում այնքան էլ լավ չեն։

Իսկ Հայաստանի ղեկավարությունը, ասենք, վերջին տարիներին հակված է փչացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես չեմ հասկանում այն տրամաբանությունը, որը երկար տարիներ Հայաստանի ղեկավարության գործողությունների հետևում է։ Օրինակ՝ ինչո՞ւ որոշվեց, որ Ռուսաստանի հայտնի և քաղաքականապես ազդեցիկ քաղաքացիների մուտքն արգելված է Հայաստան։ Նման գործողությունները վկայում են այն մասին, որ ինչ-ինչ պատճառներով Հայաստանի ղեկավարությունը չի ցանկանում լեզու գտնել Ռուսաստանում ազդեցիկ հայրենակիցների հետ»,- ասել է Սիլաևը։