Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

20 Սեպտեմբերի 2023, 13:36

Քաղաքականություն

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված Արցախի վրա Ադրբեջանի հարձակման հետ։

«Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմում է Ձեզ համոզիչ և հրատապ կոչով: Այսօր՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի Հանրապետությունը հակաահաբեկչական գործողություն իրականացնելու մտացածին պատրվակով ռազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։ Նորից ռումբերն ու արկերը պայթում են, մարդիկ տառապում ու մահանում են, այդ թվում՝ երեխաներ։ Այս արտակարգ իրավիճակում հանրությունը չգիտի, թե ինչ է անում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, արդյո՞ք կատարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք՝ Ռուսաստանի հայերս, շատ բան ենք անում ռուս-հայկական բարեկամական հարաբերությունները պահպանելու համար, բայց հիմա շատ բան կախված է հենց Ռուսաստանի Դաշնության գործողություններից, եկել է ժամանակն կոշտ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ռուսաստանի եղբայրական ժողովրդի ֆիզիկական ցեղասպանությունը:

Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդկանց կյանքը բառացիորեն կախված է թելից, ոչնչացվում են նյութական ու հոգեւոր ժառանգության օբյեկտները։ Պարոն նախագահ, թույլ մի տվեք, որ կործանվեն այն մարդիկ, ովքեր միշտ Ռուսաստանին իրենց բարեկամ ու պաշտպան են համարել։

Մենք ձեզանից վճռական գործողություններ ենք ակնկալում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխանելու և Ռուսաստանի պատմական դաշնակից Լեռնային Ղարաբաղի բնակչությանը փրկելու համար»,- ասվում է Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարածած հայտարարության մեջ։