Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո վարձակալության գները կնվազեն. Արտյոմ Պրիբիլսկի
18 Օգոստոսի 2023, 16:33
Արդեն երկար տարիներ է՝ վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու դեպքում, սեփականատերը պետք է գործարքի 10-ը տոկոսի չափով եկամտային հարկ վճարի: Վերջերս կառավարությունը հարկային պարտավորությունները շրջանցող վարձատուի և վարձակալների համար խստացրեց օրենսդրությունը: Կառավարությունն առաջարկում է տուգանք սահմանել գործարքի շուկայական գնի 5 տոկոսի չափով։ Alpha News-ի հետ զրույցում Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին անդրադարձել է ոլորտի կարգավորումներին ու անշարժ գույքի վարձակալական շուկայի գներին: Նա կանխատեսում է՝ ռուս ուկրաինական պատերազմի ավարտից հետո գները կնվազեն:
Արտյոմ Պրիբիլսկն հիշեցնում է՝ 10-ը տոկոսի դրույքաչափի մասին կարգավորումն արդեն երկու տասնամյակ է՝ ինչ կա, սակայն, շատ քչերն են վճարում այդ գումարը: Պայմանագրով իրենց հարաբերությունները վարձակալի հետ օրինականացնել ոչ բոլորն են ցանկանում: Առաջնային պատճառը, ըստ Անշարժ գույքի բորսայի տնօրենի, գործարքի համար նախատեսված 10-ը տոկոսանոց եկամտային հարկն է, որը տեղից էլ բարձր է: Նա համոզված է, որ օրենսդրությունը խստացնելու փոխարեն, նախ պետք էր վերանայել արդեն իսկ գործող օրենքը:
«Դա նաև մեր վարձակալների և վարձատուների կարծիքն է, դա մի քիչ շատ է»,- ասում է Պրիբիլսկին:
Նա հիշեցնում է, որ երբ ընդունվեց գործող կարգավորումը, կադաստրի հետ կապված գործարքները թվայնացված չէին, և սպասարկման վճարն ավելի բարձր էր, իսկ հիմա ամեն ինչ էլեկտրոնային է, և հետևաբար, գներն էլ պիտի այլ լինեն: Չնայած այդ ամենին, քաղաքացիները այսօր էլ ստիպված են հաճախ կադաստր գնալ ՝գործարք կատարելու համար, որտեղ հերթեր են:
«Պետություն, եթե դու օրենքով սահմանված կարգով գումար ես ուզում ինձնից, լավ, հասկացանք: Առաջարկ անեմ, որպեսզի մարդիկ չգնան կադաստր՝ պայմանագիր կնքելու, կարելի է կառավարության կողմից հաստատված ձևերը վերանայել, պարզեցնել և տեղադրել համացանցում»,- բացատրում է Անշարժ գույքի բորսայի տնօրենը հավելով՝ վճարը նույնպես կարելի է կատարել էլեկտրոնային եղանակով:
Արտյոմ Պրիբիլսկու խոսքով դա կհեշտացնի վարձատուի և վարձակալի կյանքը և փոխհարաբերությունները: Նա ընդգծում է՝ փոխարենն այսօր պետությունը սահմանում է անհասականալի հավելավճարներ: Անդրադառնալով ռելոկանտների ֆոնին անշարժ գույքի շուկայում վարձավճարների «պայթյունին», Անշարժ գույքի բորսայի տնօրենը նշում է.
«Կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, կնվազեն նաև անշարժ գույքի վարձավճարների գները»:
Նա հավելում է՝ Հայաստանում անշարժ գույքի շուկան մեր համաքաղաքացիների շրջանում ոչ այդչափ պահանջված է, ոչ էլ ներկա շուկայական գներն են համապատասխանում մեր համաքաղաքացիների գրպանին: