Ռուս պաշտոնյաների Հայաստան մուտքի արգելքը ուղղակի վրդովեցնող է. Կոնստանտին Զատուլին

24 Օգոստոսի 2023, 22:25

Քաղաքականություն

Ինչպես հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը փորձում են խզել բոլոր հնարավոր շփումները Ռուսաստանի հետ՝ իրենց երկրում անցանկալի հայտարարելով մարդկանց, ովքեր երկար տարիներ հանդես են եկել Մոսկվայի և Երևանի հարաբերությունների զարգացման օգտին:

Զատուլինը «վրդովեցնող» է անվանել Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովինի Հայաստան մուտքի արգելքը:

Պատգամավորը հիշեցրել է, որ անցյալ տարի իրեն եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին նույնպես արգելել են մուտք գործել երկիր, ինչը տեղի է ունեցել «Արեւմուտքի էմիսարների հետ հայ քաղաքական գործիչների հանդիպումներից անմիջապես հետո»:

«Վիկտոր Կրիվոպուսկովին ես մեծ հարգանքով եմ վերաբերվում։ Գիտեմ, որ նա ոչ թե խոսքով, այլ գործով շատ բան է արել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար։ Նրա մուտքի արգելքը ո՛չ պատահականություն է, ո՛չ էլ սխալ։ Սա Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետևողական գիծն է, որոնք փորձում են խզել բոլոր հնարավոր շփումները Ռուսաստանի հետ։ Իսկ Կրիվոպուսկովի մուտքի արգելքը լիովին տեղավորվում է այդ գծի մեջ», — հայտարարել է Զատուլինը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի կառավարության քաղաքականությունը վրդովեցուցիչ է և արդարության տեսանկյունից որևէ քննադատության չի դիմանում: Նա նաև մեղադրել Է Հայաստանի իշխանություններին նրանում, որ խոսում են ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մասին, իսկ գործնականում` փորձում են խզել այդ հարաբերությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիկտոր Կրիվոպուսկովին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել հատել սահմանը։ Նա նախորդ հինգշաբթի վաղ առավոտյան ժամանել է Մոսկվայից Երևան: Նրա խոսքով՝ իրեն պաշտոնական թուղթ ցույց չեն տվել, բայց խնդրել են վերադառնալ Մոսկվա: