Ռուս քաղաքագետը մեկնաբանել է Ադրբեջանի ԱՕԿ-ի բողոքը «Արցախ» երգի վերաբերյալ
08 Փետրվարի 2026, 15:30
Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Իգոր Սեմենովսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի բողոքը՝ կապված Միլանի 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի ելույթների ժամանակ «Արցախ» երգի օգտագործման հետ:
«Ադրբեջանական կողմն իր հայտարարություններով անհիմն և ծայրահեղ անհաջող կերպով քաղաքականացնում է օլիմպիական խաղերի հենց սկզբում մրցակցային պայքարի սպորտային և մշակութային ոգին։ Նախ՝ «Արցախ» երգը նախկինում արդեն հնչել է Օլիմպիական խաղերում՝ ինչպես ԱՄՆ-ում 2002 թվականին, այնպես էլ Բրազիլիայում 2016-ին և նույն Իտալիայում՝ 2006 թվականին։ Երկրորդ՝ ի՞նչ անել մյուս ստեղծագործությունների դեպքում։ Դա հեղինակի իրավունքն է իր ստեղծագործություններին տալ այն անվանումները, որոնք ինքն է նպատակահարմար համարում՝ լինի դա նույն հեղինակ Արա Գևորգյանի «Արարատը», թե ինչպե՞ս վարվել «Երկրի լավագույն քաղաքը» երգի հետ, որի երաժշտության հեղինակը Առնո Բաբաջանյանն է, իսկ լայն ճանաչում այն ստացել է Մուսլիմ Մագոմաևի կատարմամբ։ Միգուցե Մոսկվան էլ պետք է պահանջներ ներկայացնի այդ երգը կատարող գերմանացիների կամ ֆրանսիացիների նկատմամբ, որոնք մեկ անգամ չէ, որ փորձել են գրավել Ռուսաստանի մայրաքաղաքը։ Եվ վերջապես՝ երրորդ՝ ի՞նչ պետք է անի հենց Իտալիան, եթե նրան պահանջներ ներկայացնեն Եթովպիան և Եգիպտոսը այն բանի համար, որ փետրվարի 6-ին Միլանում բացման արարողության ժամանակ հնչել է իտալացի Ջուզեպպե Վերդիի հանրահայտ «Աիդա» օպերայից «Հաղթողների երթը»», — ընդգծել է փորձագետը։
Քաղաքագետի խոսքով՝ ադրբեջանական կամ որևէ այլ կողմ չպետք է նման կերպ «յուղ լցնի օլիմպիական կրակի վրա»։
«Ինչպես երևում է, թեև Օլիմպիադան և օլիմպիական շարժումն ի սկզբանե արդեն իսկ քաղաքականացված են՝ ՄՕԿ-ի կողմից Օլիմպիական խարտիայի տառին և ոգուն բացարձակապես չհամապատասխանող խտրական և քսենոֆոբիկ որոշման արդյունքում, որի հետևանքով խաղերից հեռացվել են ռուս և բելառուս մարզիկները՝ միևնույն ժամանակ թույլատրելով, օրինակ, ամերիկացի և իսրայելցի մարզիկների մասնակցությունը, այնուամենայնիվ, ադրբեջանական և որևէ այլ կողմի համար ակնհայտորեն չպետք է ընդունելի լինի այսպիսի ձևով «յուղ» լցնել օլիմպիական կրակի վրա», — հայտարարել է Սեմենովսկին։