Ռուս ըմբիշ Ռոման Վլասովը շնորհակալություն է հայտնել Արսեն Ջուլֆալակյանին Միջազգային օլիմպիական կոմիտեում ռուսներին աջակցելու համար

06 Հոկտեմբերի 2023, 20:36

Սպորտ | Քաղաքականություն

Օրերս Լոզանում կայացած Միջազգային օլիմիապական կոմիտեի մարզիկների միջազգային ֆորումում քննարկվել է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության հարցը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որպես Միացյալ համաշխարհաին ըմբշամարտի (UWW) ներկայացուցիչ, պաշտպանել է ռուս մարզիկներին։

Իր ելույթում Ջուլֆալակյանը Միջազգային օլիմպիական կոմիտեին կոչ է արել չպատժել մարզիկներին՝ նշելով, որ սպորտը պետք է լինի «խաղաղ կղզի, որով կարելի է կամուրջներ կառուցել»։ Նրա խոսքով, արևմտյան երկրներն արդեն արգելել են կրթությունն ու մշակույթը, իսկ այժմ ցանկանում են «արգելել սպորտը»։

Նա նաև համեմատել է Ուկրաինայում տիրող իրավիճակը Արցախի հակամարտության հետ և զարմացել, թե ինչու հայ և ադրբեջանցի մարզիկները կարող են մրցել միմյանց հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ոչ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ համակարծիք է հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի հետ։

«Այսօր Արսեն Լևոնովիչն աշխատում է ի շահ համաշխարհային ըմբշամարտի և օլիմպիական շարժման, վայելում է արժանի հեղինակություն և հարգանք համաշխարհային մարզական հանրության մեջ և ունի իր սկզբունքային, հավասարակշռված դիրքորոշումը մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ։ Վերջերս ՄՕԿ-ի մարզիկների միջազգային ֆորումում Արսենի ելույթը, որտեղ քննարկվում էր Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին միջազգային մրցաշարեր ընդունելու հարցը, հուզեց ինձ:

Այնքան անկեղծ էր ու հնչեղ։ Ես լիովին համաձայն եմ նրա յուրաքանչյուր բառի հետ, հարգանքի տուրք եմ մատուցում այն մարդուն, որ հարկ համարեց ասել իր խոսքը՝ ի աջակցություն մեզ։ Մաղթում եմ Արսեն Լևոնովիչին քաջառողջություն և Աստծո ողորմություն, հաջողություններ նրա լավ գործունեության մեջ և աշխատանքում»,- ասել է Վլասովը։

Հիմա եթերում