Ռուսական բիզնեսը հայկական բանկի միջոցով ռուբլով կսկսի իտալական չարտոնված ապրանքներ գնել
28 Դեկտեմբերի 2023, 00:50
Ռուսական բիզնեսը կսկսի իտալական չարտոնված ապրանքներ գնել ռուբլով։ Նոր սխեման կգործի 2024 թվականի փետրվարին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են իտալա-ռուսական Առևտրային պալատից։ Արտադրանքի դիմաց գումարները ռուբլով կփոխանցվեն հայկական բանկ, այնուհետև փոխարկումից հետո կուղարկվեն Եվրոպա։
«Մենք պայմանավորվել ենք երրորդ երկրի բանկի հետ, որի հետ կողմնորոշվել ենք՝ դա Հայաստանն է… Մենք ոչ միայն վերահսկում ենք վճարումները, այլև լոգիստիկան: Հիմա Հայաստանով և Եվրոպայով ապրանք ուղարկելու ծախսերը քիչ թե շատ նույնն են։ Երկիրը շատ հեռու չէ Իտալիայից։ Մենք կարող ենք ավելի թափանցիկ հետևել ամբողջ գործընթացին», — ասել է Իտալա-ռուսական առևտրի պալատի ղեկավար Ֆերդինանդո Պելացոն։
Նրա խոսքով, այժմ պալատը գտնվում է հայկական բանկում հաշիվ բացելու գործընթացում, սակայն դժվարությունների է բախվել. Հայաստանը Հաագայի ապոստիլի կոնվենցիայի անդամ չէ, այլ միացել է Մինսկի կոնվենցիային, ուստի փաստաթղթերը թարգմանելիս հարկ է ներգրավել հայկական դեսպանատանը կից հավատարմագրված թարգմանիչների:
«Մենք բավական ժամանակ ենք ծախսել որոշակի թույլտվություններ ստանալու համար։ Հատկապես մենք ստուգել ենք, կա՞ արդյոք որեւէ առարկություն Իտալիայի Կենտրոնական Բանկի կողմից: Մենք ստացել ենք համաձայնություն, այդ իսկ պատճառով այժմ մենք հաշիվ բացելու գործընթացում ենք», — ընդգծել է Պելազոն։
Իտալական Կենտրոնական բանկն արդեն հավանություն է տվել սխեմային:
Իտալիայից երկար տարիներ ավանդաբար Ռուսաստան են ներմուծվել կենցաղային տեխնիկա, հագուստ, կոշիկ և սնունդ։ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին կարծում է, որ ռուբլով չարտոնված ապրանքների վճարման նոր սխեման կարող է շատ խոստումնալից լինել:
«Եթե այդ սխեման համեմատենք զուգահեռ ներմուծման հետ, ապա կարծես թե այդ ալիքը Հայաստանի միջով մի փոքր ավելի լավն է, որովհետև այդ երկիրը ԵԱՏՄ անդամ է, առավել ևս զուգահեռ ներմուծման նկատմամբ վերաբերմունքը մեզ մոտ փոփոխական է։ Ուստի սկզբունքորեն իտալա-ռուսական առեւտրական պալատի այս սխեման գոյության իրավունք ունի, քանի որ մենք ոչ բարեկամական երկրներից ապրանքների մատակարարման շատ ուղիներ չունենք», — նշել է Պորտանսկին։