Ռուսական կողմն ընդունել է զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ Հայաստանի արձանագրած խախտումները

14 Դեկտեմբերի 2023, 19:51

Քաղաքականություն

2023 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում կայացել են երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության միջև՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Խորհրդակցության ընթացքում հայկական կողմը նշել է, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արձանագրել է համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումներ: Ռուսական կողմն ընդունել է այդ փաստը, և խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն։

Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական կողմը ճանաչել է հայկական կողմի արձանագրած խախտումների փաստը, ինչպես նաև կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերը պատշաճ կերպով պահպանելու համար: