Ռուսական վարձույթում կհայտնվի «Մի անգամ… Միշել Լեգրան» կենսագրական ֆիլմը

11 Փետրվարի 2026, 19:03

Հայեր

Ֆրանսահայ լեգենդար կոմպոզիտոր Միշել Լեգրանի մասին պատմող նոր ֆիլմը շուտով կհայտնվի ռուսական կինովարձույթում։

«Կինո.Արտ.Պրո» կինոընկերությունը ներկայացնում է «Մի անգամ… Միշել Լեգրան» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2025 թվականին Կաննի կինոփառատոնում։ Ռուսաստանում առաջին ցուցադրությունները տեղի կունենան փետրվարի 22-ին Մոսկվայի «Խուդոժեստվեննի» կինոթատրոնում, փետրվարի 24-ին՝ Սանկտ Պետերբուրգի «Michele» կինոթատրոնում։ Փետրվարի 26-ից ֆիլմը լայն վարձույթ դուրս կգա ամբողջ Ռուսաստանում։

Ֆիլմը մաեստրոյի նուրբ և քնարական դիմանկարն է, որի մեղեդիները հնչում են այնպիսի պաշտամունքային ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Շերբուրյան հովանոցներ», «Քաղցր նոյեմբեր», «Թոմաս Քրաունի խարդախությունը»։ Հանդիսատեսին սպասվում են հազվագյուտ արխիվային կադրեր, կոմպոզիտորի ընկերների ու գործընկերների հուշերը՝ Կատրին Դենյովից մինչև Սթինգ։

Ֆիլմի պրեմիերան նվիրված է Լեգրանի ծննդյան օրվան. փետրվարի 24-ին նա կդառնար 94 տարեկան: Այն հնարավորություն կտա ևս մեկ անգամ ունկնդրելու այն երաժշտությունը, որը կինոյին հաղորդել է յուրահատուկ հնչերանգ։

Միշել Լեգրանը ականավոր կոմպոզիտոր է, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ։ «Օսկար»-ի եռակի և «Գրեմմի»-ի հնգակի դափնեկիրն ավելի քան 200 ֆիլմերի երաժշտության հեղինակ է, թողարկել է շուրջ 100 ալբոմ։ Լեգրանը համագործակցել է իր ժամանակի մեծագույն արտիստների հետ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Բարբրա Սթրեյզանդի, Ֆրենկ Սինատրայի և շատ ուրիշների հետ: