Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայն էին, որ Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև չընդունվի. բանակցային մասնագետ

23 Օգոստոսի 2023, 13:16

Քաղաքականություն

Բանակցային մասնագետ, CMPartners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Հայաստանը լավ չէր պատրաստված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որը տեղի ունեցավ նախորդ շաբաթ՝ օգոստոսի 16-ին:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր բերելու մեզ այն նպատակներին, որը մենք ունեինք, որովհետեւ ՄԱԿ-ում դա շատ երկարատեւ գործընթաց է: Բայց եթե ընդունենք, որ իրենք այդ գործընթացն էին սկսել, հարց է՝ ավելի լավ հնարավո՞ր չէր անել, այո՛, հնարավոր էր, որովհետեւ բանակցողները ոչ միայն սեղանի շուրջ են բանակցում, այլեւ դրանից դուրս, նաեւ այլ կողմերի հետ: Նիստին նախագահող Միացյալ Նահանգների ներկայացուցչի ելույթից բոլորը գոհ էին, բայց ինքը վերջում ասաց, որ պետք է անհատների իրավունքները պաշտպանել, այսինքն՝ նույնիսկ չի խոսվում հայության մասին: Սա նշանակում է, որ մեր դիվանագիտությունը լուրջ չի աշխատել ամերիկյան կողմի հետ: Կամ, եթե հայկական կողմը բանակցային սեղանից դուրս Բրազիլիայում աշխատանք տաներ, մենք այդ երկրի ներկայացուցչի ելույթում չէինք լսի Խանքենդի բառը»,- Alpha News-ի եթերում ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այն հարթակը չէր, որտեղ հնարավոր էր բանաձեւ ընդունել:

«Որովհետեւ, եթե պրոհայկական բանաձեւ լիներ, ապա Միացյալ Նահանգները կորցնելու էր իր դիրքը՝ որպես միջնորդ, որովհետեւ Ադրբեջանը կասեր՝ չենք ընդունում դա: ԱՄՆ-ի խաղի մեջ կարեւոր է, որ իրենք մնան՝ որպես միջնորդ, ու իրենց տարբերակներն ընդունվեն Հայաստանի ու Ադրբեջանի կողմից: Նույնը կարելի է ասել նաեւ Ռուսաստանի մասին, նա էլ չէր ուզենա ընդունվեր մի բանաձեւ, որը կլիներ պրոհայկական կամ Ադրբեջանի դեմ, որովհետեւ շահերի խնդիր կա: Այս դեպքում թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն համաձայն էին, որ պետք չի բանաձեւ ընդունել»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Բանակցային մասնագետի համոզմամբ՝ Արցախը հիմա ավելի վատ վիճակում է գտնվում, քան 1988 թվականին էր, քանի որ Ադրբեջանի լծակները շատ մեծ են:

«Այս ծանր վիճակից դուս գալու համար մենք մի ձեւ ունենք՝ օգտագործել մարդկային կապիտալը, որով կկարողանանք ուժային ասիմետրիան փոխել եւ պայքարել: Մենք պետք է դիտվենք ոչ թե՝ որպես Հայաստանի ու Արցախի բնակչություն, այլ Հայաստանի ու Արցախի քաղաքացիներ, իսկ դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է այլ կերպ մոտենան խնդրին, բայց իրենք չեն անում դա:

Իսկ եթե դու դա չես անում, թույլ ես ու գնում ես զիջումների, մյուս կողմն ավելի մեծ զիջումներ է պահանջում քեզնից: Այս պահին ամենավատն այն է, որ մեր բանակցողները պատրաստ են գնալ բոլոր զիջումներին, որպեսզի գան «խաղաղությանը» եւ ընդունեն բոլոր այն պահանջները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է: Իսկ դա բերելու է ոչ միայն Արցախի կորստին, այլեւ հարցականի տակ է դնելու հայկական պետականությունը»,- ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը:

Անդրադառնալով բանակցային գործընթացում Մոսկվայի դիրքորոշմանը, բանակցային մասնագետն ասել է, թե Ռուսաստանը պնդելու է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի Մոսկվայում:

«Ռուսաստանը հայկական ու ադրբեջանական կողմերին ասում է՝ մենք էլ ենք նույնն առաջարկում, ինչո՞ւ եք գնում Բրյուսելում պայմանագիր ստորագրում, եկեք այստեղ ստորագրեք, իսկ այդ ընթացքում Ռուսաստանը ժամանակ կշահի ու վերջում կասի, որ Արցախում կա հայ բնակչություն, որը դեռ վտանգված է, քանի որ թշնամությունը երկար է տեւել, վտանգ կա, որ համայնքների միջեւ հնարավոր է սրվեն հարաբերությունները, հետեւաբար մենք դերակատարում ունենք որպես խաղաղապահ ուժ: Ռուսաստանն աշխատելու է ամրապնդել իր շահն այդ պայմանագրում»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը: