Բաշար Ասադը որոշել է թողնել նախագահի պաշտոնը և լքել երկիրը․ ՌԴ ԱԳՆ

08 Դեկտեմբերի 2024, 17:40

Քաղաքականություն

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ծայրահեղ մտահոգություն հայտնելով երկրում տեղի ունեցող «դրամատիկ իրադարձությունների» կապակցությամբ։

«Բաշար Ասադը Սիրիայի տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների հետ կայացած բանակցությունների արդյունքում որոշում է կայացրել թողնել նախագահի պաշտոնը և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանության փոխանցումն իրականացնել խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանն այդ բանակցություններին չի մասնակցել», — ընդգծվում Է հայտարարությունում։

ՌԴ ԱԳՆ-ն դիմել է ներգրավված բոլոր կողմերին՝ հորդորելով հրաժարվել բռնության կիրառումից և քաղաքական ճանապարհով լուծել կառավարման բոլոր հարցերը:

«Այս կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբավորումների հետ։ Կոչ ենք անում հարգել սիրիական հասարակության բոլոր էթնո-կրոնական ուժերի կարծիքները, աջակցում ենք ներառական քաղաքական գործընթացի հաստատմանը, որը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշման վրա։

Միաժամանակ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները Սիրիայում գտնվող ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Իսկ Սիրիայի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազաները գտնվում են մարտական բարձր պատրաստության ռեժիմում։ Ներկա պահին նրանց անվտանգությանը լուրջ սպառնալիք չկա», — ասված է հայտարարության մեջ: