Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ալիեւի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ Մակրոնի հայտարարությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զարմացրել է Ռուսաստանին՝ իր այն հայտարարությամբ, թե Ադրբեջանի նախագահի վրա ավելի շատ ճնշում է գործադրում, քան Հայաստանի վարչապետը, եւ որ Արցախի հարցով ինքը միակն է, որ հստակ կեցվածք ու պատգամ ունի:

«Նման հայտարարություններից հետո զգացողություն է առաջանում, թե նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն իր առնականությանը: Մենք, իհարկե, չենք դադարում զարմանալ նախագահ Մակրոնի բնութագրով, թե ինչ պաթոսով է նա խոսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ նույնիսկ այլ հարցերի դեպքում իր անձնական դերի, արժանիքների մասին: Ցավոք, Մակրոնը ոչինչ չի ասել այդ բեղմնավոր աշխատանքի գործնական արդյունքների մասին: Երեւի, նա չի ասել դրա մասին, քանի որ այդ արդյունքները ոչ ոք երբեք չի տեսել»,- անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ռուս դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդրի լուծելու գործում Ֆրանսիայի ներդրման հետ կապված Մոսկվան վաղուց պատրանքներ չունի: Մարիա Զախարովայի խոսքով՝ Ֆրանսիան ոչ թե օգնել է կողմերին, այլ փորձել է Ռուսաստանին դուրս մղել գործընթացներից:

«Նրանք ոչ միայն դրական արդյունք չտվեցին բանակցային գործընթացում, այլ հակառակը, վարկաբեկեցին Ֆրանսիայի՝ որպես միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Բայց ինքնագովազդը ոչ ոք նույնպես չի չեղարկել, երեւի թե, սա միակ բանն է, որը նրանց մնացել է»,- հավելել է Զախարովան։

Ավելի վաղ Alpha News-ը, հղում անելով ՀՅԴ պաշտոնական կայքին, տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել եռօրյա այցելության ժամանակ հանդիպում է ունեցել տեղի ազդեցիկ հայ համայնքի հետ, որի ընթացքում հայտարարել է.

«Ես Ալիեւի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել եւ գործադրում, քան նույն ինքը Փաշինյանը: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»:

Հիմա եթերում