Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի. Գալուզին

08 Փետրվարի 2024, 16:30

Քաղաքականություն

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին և կարգավորման գործընթացին:

«Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում այլընտրանք չունի, այդ դերը մեծ է և եզակի։ Առաջին հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը։ Մեր այսօրվա խնդիրն է օգնել մեր գործընկերներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, դուրս գալ հաշտեցման և խաղաղ փոխգործակցության կայուն հետագիծ, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը լինի կայուն։ Մենք հասել ենք ընդհանուր ըմբռնման, թե ինչպես վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ Ադրբեջանից Սյունիքով դեպի Նախիջևան», — ասել է Գալուզինը։

Ռուսաստանը, նրա խոսքով, Երևանին և Բաքվին խորհրդատվական ծառայություններ է առաջարկում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի շրջանակներում, քանի որ Մոսկվան տեղագրական նյութեր ունի:

«ՌԴ-ն օգնություն է ցուցաբերում խաղաղ պայմանագրի կնքման հետ կապված հարցերի ամբողջ համալիրի հարցում։ Մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար։ Հուսով ենք, որ Երևանում կգերակշռի այն ըմբռնումը, որ հենց եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը, այլ ոչ թե արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի և Եվրամիության ներգրավմանն ուղղված ջանքերը, որոնց գործունեությունն ուղղված է ոչ թե կարգավորմանը աջակցելուն, այլ Ռուսաստանին այդ գործընթացից դուրս մղելուն, Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը կոտրելուն և այդպիսով անկայունության ևս մեկ օջախ ստեղծել Ռուսաստանի հարևանությամբ», — ընդգծել է Գալուզինը։