Ռուսաստանի և Ադրբեջանի համար բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են. Զախարովա
02 Հուլիսի 2025, 14:20
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են, և նրանք, ովքեր ցանկանում են դրանք փչացնել, պետք է լավ մտածեն՝ ինչ են անում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։
«Քիչ չեն նրանք, ովքեր ցանկանում են այս ամենի վրա պարզապես «տաքացնել ձեռքերը», թող միայն չայրվեն։ Կարծում եմ՝ երկու ժողովուրդների համար իսկապես բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են։ Եվ նրանք, ովքեր ցանկանում են դրանք փչացնել, պետք է լավ մտածեն՝ ինչ են անում»,- ասել է Զախարովան։
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ՌԴ-ն երկար տարիներ Ադրբեջանի հետ կառուցում է այնպիսի հարաբերություններ, որոնք ենթադրում են փոխադարձ շահերի հաշվառում և հարգալից վերաբերմունք։ «Մեզ այնքան շատ բան է կապում, այնքան շատ փաստաթղթեր են ստորագրվել»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ՌԴ ԱԳՆ էր կանչվել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։ Ինչպես հայտնել է ռուսական դիվանագիտական գերատեսչությունը, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ընթացքում դեսպանին հայտարարվել է «բողոք՝ Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների, երկկողմ հարաբերությունները ապամոնտաժելու ուղղությամբ ադրբեջանական կողմի գիտակցված քայլերի կապակցությամբ»։
Դիվանագիտական գերատեսչությունում հիշեցրել են, որ դրանց թվում են «միջպետական երկխոսության շրջանակներում բարձր մակարդակի միջոցառումների չեղարկումը, ադրբեջանական ԶԼՄ-ներում իշխանությունների մատուցմամբ սանձազերծված ռուսատյաց արշավը, ադրբեջանական իրավապահ մարմինների՝ վրդովունք առաջացնող, անընդունելի գործողությունները ռուսական Sputnik Ադրբեջան լրատվական գործակալության և նրա աշխատակիցների դեմ, հանրապետությունում ռուս կատարողների, այդ թվում՝ մանկական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումների չեղարկումը»։