Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն այժմ լավագույն մակարդակի վրա չեն. Ալեքսանդր Կռիլով
06 Փետրվարի 2025, 23:00
Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին նորությունների, մասնավորապես, Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեության դադարեցման ֆոնին:
«Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հերթական սառեցման շրջան են ապրում։ Այս ամենը սկսվեց Գրոզնի թռչող ինքնաթիռից, որը վնասվել էր, իսկ հետո ընկել։ Պատմությունը սկսվեց՝ ՌԴ-ից պահանջելով անհապաղ ընդունել մեղքը նույնիսկ նախքան փորձաքննության եզրակացությունների պատասխանին։ Ռուսաստանի ղեկավարությունը դեռևս հստակ կարծիք չի հայտնում այդ կապակցությամբ։ Իսկ հետո գնացին պնդումները, թե ռուս դիվանագետները չեն մասնակցում Ադրբեջանում պարտադիր պաշտոնական արարողություններին, «Խոջալուի ցեղասպանության անմեղ զոհերի» հիշատակի ակցիաներին։ Բայց միևնույն ժամանակ ինչ-որ կերպ մոռացվեց այն, որ այդ ամենը տեղի է ունեցել հայ բնակչության ջարդերից հետո։ Այնուհետև պահանջներ հնչեցվեցին մինչև 1920 թվականը տեղի ունեցածի վերաբերյալ, երբ խորհրդային իշխանությունն «ապօրինի կերպով ադրբեջանական հողերը հանձնեց հայկական ԽՍՀ-ին»։ Այդ պատճառով, իհարկե, այժմ հարաբերություններն այնքան էլ լավ մակարդակի վրա չեն, ինչպես Հայաստանի հետ Ռուսաստանն այժմ փոխըմբռնման շատ խնդիրներ ունի», — ասել է Կռիլովը։
Քաղաքագետի կարծիքով, հնարավոր է, որ Բաքվի կողմից Մոսկվայի վրա ճնշում գործադրելու ներկայիս քաղաքականությունը պայմանավորված է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» առումով հետագայում զիջումների հասնելու համար:
«Ըստ ամենայնի՝ Ադրբեջանն ու Թուրքիան այժմ ինտենսիվորեն առաջ են տանում «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը։ Եվ ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են արվում այն մասին, որ ամեն դեպքում այն բացվելու է՝ չնայած հայկական կողմի դիմադրությանն ու սաբոտաժին։ Եվ կարող է լինել, որ Մոսկվայի վրա ճնշումների ողջ քաղաքականությունն ուղղված է նրան, որպեսզի հնարավորին չափ զիջումներ կորզվեն «Զանգեզուրի միջանցքի» և, գուցե, Հայաստանի նկատմամբ ինչ-որ տարածքային պահանջների առումով։ Ես էլ չեմ խոսում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի իրականացման հեռանկարի, այսինքն՝ Հայաստանի ամբողջ տարածքի կլանման մասին, որն իբր միշտ եղել է ադրբեջանական», — եզրափակել է Կռիլովը։