Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի դիմակայության տեղափոխումը մեր տարածաշրջան աղետալի հետևանքներ կունենա հայկական կողմի համար. Արցախի ԱԳՆ
17 Հունիսի 2023, 12:37
«Արցախյան կողմն այս ամբողջ գործընթացում ամենաշահագրգռվածն է, որ երկխոսության, բանակցությունների միջոցով և խաղաղ միջոցներով աշխատանք տարվի հակամարտության կարգավորման և փոխընդունելի լուծումների որոնման ուղղությամբ։
Սակայն միայն մեր ցանկությունը բավարար չէ։
Անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմը վերանայի իր մոտեցումները ճնշման քաղաքականության փոխարեն: Ես կարող եմ ընդգծել հենց ճնշման քաղաքականությունը, քանի որ մենք տեսնում ենք շարունակվող շրջափակումը, ամենօրյա ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի կիրառման սպառնալիքները, իսկ դա ինչ է, եթե ոչ ճնշում»:
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Վաշինգտոնը պարտադրում է Արցախին բանակցել Ադրբեջանի հետ ինչ-որ երրորդ երկրներում և սպառնում է, որ եթե Ստեփանակերտը չհամաձայնի բանակցություններին, ապա իբր կարող է Ադրբեջանի կողմից ուժային գործողություն լինել, և որքանով է Ադրբեջանն ինքը ցանկանում հակամարտության խաղաղ լուծում:
«Մենք ելնում ենք հետևյալ ուղերձից, որ պետք է լինի միջազգային ձևաչափ, որը կհամաձայնեցվի կողմերի միջև այնպիսի հակամարտությունների լուծման համար, ինչպիսին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն է։
Բայց ես անձամբ չեմ կարող Համաշխարհային պրակտիկայում հիշել այնպիսի դեպք, որ առանց միջնորդների ներգրավման հնարավոր լինի կարգավորել նման հակամարտությունները։ Ըստ այդմ, մենք խոսում ենք այն մասին, որ պետք է լինի միջազգային միջնորդական ձևաչափ և մեխանիզմներ, որոնք թույլ կտան և կապահովեն, որ կողմերը կատարեն ստանձնած պարտավորությունները։
Մենք շատ լավ հիշում ենք, և ես վերջերս խոսել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, որ եթե նույնիսկ նման միջազգային ձևաչափը չկարողացավ կանխել 2020 թվականի պատերազմը, ապա հիմա՝ Միջազգային հարաբերությունների ներկայիս ճգնաժամի պայմաններում, երբ տեսնում ենք, որ չեն կատարվում նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, շատ դժվար է գտնել այնպիսի ձևաչափ, որը կապահովի առաջընթաց։ Իսկ դա պետք է դառնա միջնորդական նախաձեռնությունների առանցքային հարցերից մեկը։
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի դիմակայության տեղափոխումը մեր տարածաշրջան աղետալի հետևանքներ է ունենալու առաջին հերթին մեզ, հայկական կողմի համար»: