Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այժմ նման են առանձնատան՝ առանց պատուհանների և դռների, բայց դա երկար չի տևի. Արթուր Աթաև
25 Հոկտեմբերի 2023, 21:30
Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում լարվածությունը։
«Ռուս-հայկական հարաբերություններն ունեն հիմք՝ ամուր հիմք։ Այն, որ այժմ այդ հարաբերությունները նման են առանց պատուհանների ու դռների առանձնատան, փաստ է, փաստ է նաև այն, որ հարաբերություններում կա քաղաքական միջանցիկ քամի։ Բայց, ես կարծում եմ, որ սա երկար չի տեւի, քանի որ կան օբյեկտիվ գործոններ, ինչպիսիք են աշխարհաքաղաքականությունը, աշխարհագրությունը։ Հայաստանն աշխարհագրորեն, քաղաքակրթական առումով, այդուհանդերձ, ավելի մոտ է Ռուսաստանին:
Կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս քաղաքական էլիտան ավելի կոմպլեմենտար է Եվրամիության և ԱՄՆ-ի նկատմամբ, բայց սա միայն Հայաստանի ներկայիս քաղաքականությունն է։ Այն կարելի է շտկել նույնքան արագ, որքան հիմա է արվում»,- նշել է փորձագետը։
Խոսելով ՌԴ դեսպանին ուղղված բողոքի նոտայի մասին՝ քաղաքագետն ասել է, որ Հայաստանում ռուսական հաղորդումների նկատմամբ հետաքրքրությունը միշտ եղել և մնում է բարձր։
«Փաստն այն է, որ դեռ խորհրդային ժամանակներից, հայ հասարակության մի մասը կողմնորոշվել է դեպի Մոսկվայի տեղեկատվական օրակարգ։ Մեկ անգամ չէ, որ, Երևանում գտնվելով, ռուս փորձագետների հասցեին հնչեցրած նախատինքներ եմ լսել, որ Հայաստանի տեղեկատվական դիրքավորումը, որպես ռուսական պետության դաշնակից, ավելի լավը կարող էր լինել: Հետևաբար, հետաքրքրությունը փրայմ-թայմ ծրագրերի նկատմամբ, որոնք շոշափում կամ օգտագործում են որեւէ փորձագիտական կարծիք, շատ մեծ է: Սա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների լարվածությունից առաջ էր։ Կարծում եմ՝ այստեղ Փաշինյանի անձի նկատմամբ հետաքրքրությունն այլևս խմբագրական քաղաքականություն չէ, այլ Հայաստանի նկատմամբ ավելի օբյեկտիվ, ավելի համակ ուշադրության դրսեւորում։ Իմ աշխարհընկալմամաբ, ընդհակառակը, լավ է, որ անհատ մարդն այդքան ուշադիր ուսումնասիրվել է փորձագիտական հանրության կողմից։ Փորձագետները քաղաքական օրակարգով չեն առաջնորդվում:
Այսօր Փաշինյանը վատն է, վաղը կարող է արդեն լավը լինել, քանի որ Փաշինյանն՝ ինքը, նույնպես շատ հաճախ է փոխում իր վեկտորն ու քաղաքականությունը։ Տեղեկատվական օրակարգն անկանխատեսելի է, ինչպես, ընդհանրապես, քաղաքականությունը, ուստի, այստեղ իրավիճակը ես չէի դրամատիզացնի»,- ասել է Աթաեւը։