Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Լավրով

28 Դեկտեմբերի 2023, 10:40

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կլուծվեն կամքի առկայության դեպքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Համոզված ենք, որ բոլոր դժվարությունները Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ժամանակավոր բնույթ են կրում և կհաղթահարվեն քաղաքական կամքի առկայության դեպքում», — ասել է նա:

Նախարարի խոսքով՝ «հենց ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որ համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերին, որոնք ունեն ընդհանուր արժեքային հիմքեր և միասնական մշակութային կոդ:

Մոսկվայի և Երևանի միջև տպավորիչ տեմպերով զարգանում են առևտրատնտեսական կապերը և ոլորտային երկխոսությունը։ Դա հիմք է երկու երկրների հարաբերությունների համար, ինչպես նաև կարևորագույն օգնություն հայկական տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության համար», — ասել Է Լավրովը ։

Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանի ՀՆԱ-ի սրընթաց աճը «մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ կոոպերացիայով և Եվրասիական տնտեսական միությանը Երևանի անդամակցությամբ»:

«Հաջորդ տարի Հայաստանը կնախագահի ԵԱՏՄ-ում։ Գործընկերներին հաջողություն ենք մաղթում», — նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լավրովը նաև նշել է, որ Երևանը, ենթարկվելով Արևմուտքի հորդորներին, փորձում է Մոսկվայի հետ դաշինքը փոխել մշուշոտ խոստումներով:

«Ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Մոսկվայի հետ ժամանակի փորձարկված դաշնակցային կապն անգամ փոխում է ոչ թե Արեւմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների։

Ռազմավարական շրջադարձի ուղեգիծն արդարացնելու համար հանրապետության բոլոր դժբախտություններում, ներառյալ Ղարաբաղի կորուստը, փորձում են մեղադրել Ռուսաստանին։ Մենք բազմիցս խոսել ենք ռուսական մտահոգությունների մասին հրապարակայնորեն. իմաստ չունի հիմա կրկին թվարկել հայկական իշխանությունների ոչ բարեկամական քայլերը», — հավելել Է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում:

Հիմա եթերում