Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է․ Դենիս Դենիսով

Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լարովի հայտարարությունը, Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը, որը հաճախ հակադրվում է Ռուսաստանի դիրքորոշմանը, մտահոգիչ է։

«Լավրովի հայտարարությունը առաջին հերթին խոսում է այն մասին, որ այս պահին Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ հարթ է։

Վերջին իրադարձություններն արդեն ոչ թե մի քանի ամսվա, այլ մեկ տարվա ընթացքում վկայում են այն մասին, որ կողմերի դիրքորոշումներն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ անվտանգության մի շարք հարցերի շուրջ, առաջին հերթին՝ Հայաստանի, շատ են տարբերվում միմյանցից, ընդ որում՝ թե՛ գնահատականներում, թե՛ կանխատեսումներում։ Եվ այս առումով Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը, որը հաճախ միանգամայն հակառակ է Ռուսաստանի դիրքորոշմանը, հատկապես հավաքական Արևմուտքի երկրների ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, չի կարող զգալի անհանգստություն չառաջացնել Ռուսաստանի ղեկավարների մոտ։ Որովհետև, բնականաբար, Ռուսաստանը Հայաստանին ընկալում է որպես իր ռազմավարական գործընկեր, որպես շատ մոտ երկիր, որպես բարեկամ եղբայրական ժողովուրդ։

Բայց Երևանում ղեկավարության քաղաքականությունը, Ռուսաստանի կարծիքով, միշտ չէ, որ Հայաստանի քաղաքացիների ձգտումն է։ Հայաստանը կարևոր է Ռուսաստանի համար և մինչև վերջերս այն ֆորպոստ էր մնում նրա համար Հարավային Կովկասում, ուստի երկկողմ հարաբերություններում բարդությունները շատ ցավոտ են ընկալվում նաև Կրեմլում», — ասել է Դենիսովը։

Ինչ վերաբերում Է Բրյուսելում Փաշինյանի, Բլինքենի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպմանը, ապա փորձագետի կարծիքով՝ որևէ սենսացիոն բեկում այդ հանդիպումը չի բերի:

«ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը հերթական անգամ կփորձեն Հայաստանին ներգրավել իրենց աշխարհաքաղաքական նախագծերում, որոնք վերջին շրջանում փորձում են իրականացնել Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության շահերին հակառակ։ Սա բավական կարևոր ազդանշան է Ռուսաստանի համար։ Չեմ ուզում ասել, որ դրանով Արևմուտքը սկսում է նյարդայնացնել Ռուսաստանին, բայց Մոսկվայում դա հենց այդպես է ընկալվում։ Այդ պատճառով Հայաստանի կողմից նման քայլերը Մոսկվայում չափազանց ցավոտ կընկալվեն», — ընդգծել է Դենսիովը։

Խոսելով ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության մասին՝ փորձագետն ասել է՝ հաշվի առնելով այն խնդիրների քանակը, որոնք այժմ ունի ԵՄ-ն, Հայաստանի անդամակցության հարցն ակնհայտորեն առաջնային չէ:

«Այս պահին դժվար է խոսել Եվրոպական միությանը Հայաստանի լիարժեք համապարփակ ինտեգրման հետ կապված ինչ-որ կոնկրետ և իրական հեռանկարների մասին։ Ներկա պայմաններում Եվրամիությունն արտաքին քաղաքականության հետ կապված այնքան ներքին խնդիրներ ունի, որ Հայաստանի անդամակցության հարցը ակնհայտորեն առաջնահերթ չէ։ Պետք չէ ենթադրել, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկեն արտահերթ, ինչ-որ արագացված ընթացակարգերով։ Առավել ևս, մենք գիտենք, որ Եվրամիությունն ունի բավականին մեծ թվով չափանիշներ, որոնց շուրջ նրանք սկսում են բանակցություններ վարել։

Այդ հայտարարությունները մենք կարող ենք դիտարկել Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերություններին հակառակ, քանի որ որքան դրանք վատ են, այնքան նման հայտարարություններն ավելի շատ են», — նշել Է Դենիսովը։

Ինչ վերաբերում է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելելուն, ապա, ըստ քաղաքագետի, դա քաղաքական որոշում է, որը կոչված է հերթական անգամ ցույց տալու՝ հայկական հարցի վերաբերյալ ցանկացած կոշտ հռետորաբանություն անընդունելի է Հայաստանի ներկայիս իշխանությունների համար:

«Այժմ երկկողմ հարաբերությունների հետ կապված բոլոր քայլերում առկա է քաղաքական ասպեկտ։ Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է արգելել կամ թույլատրել այս կամ այն ծրագրերը, բայց ցավալի է, որ Հայաստանի ղեկավարությունը հաճախ չի հիմնվում իր բնակչության կարծիքի վրա, այլ ելնում է այն իրավիճակի իր քաղաքական տեսլականից, որը գոյություն ունի։ Սա քաղաքական որոշում է, որը կոչված է հերթական անգամ ցույց տալու, որ հայկական հարցի վերաբերյալ ցանկացած կոշտ հռետորաբանություն անընդունելի է Հայաստանի ներկայիս իշխանությունների համար», — եզրափակել Է Դենիսովը։

Հիմա եթերում