Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հերքում է տեղեկությունները, թե Կաթողիկոսը կարող է տեղափոխվել ՌԴ և հեռակա կառավարել

18 Դեկտեմբերի 2025, 18:42

Քաղաքականություն

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի թեմական խորհրդի և ծխական խորհուրդների ներկայացուցիչները վճռականորեն դատապարտում են այն անձանց, որոնք ստահոդ տեղեկություններ են վերագրում ժողովականներին։

«Մի շարք իշխանամետ լրատվամիջոցներ կրկին տարածում են անհիմն տեղեկություններ այն մասին, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն և հեռավար կարգով ղեկավարել եկեղեցին։ Նման կեղծ հաղորդագրությունների աղբյուրը 2018 թվականից մինչ օրս հանդիսանում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները, որոնք ձգտում են ապատեղեկատվության և հասարակական կարծիքի մանիպուլյացիայի միջոցով քողարկել իրենց հակաեկեղեցական և հակապետական գործունեությունը։ Նման պնդումները իշխանությունների հիվանդ երևակայության հերթական դրսևորումն են։

Նորին Սրբությունը, որպես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդ, ամբողջապես տիրապետում է եկեղեցու կյանքին առնչվող բոլոր գործընթացներին։ Որպես համաժողովրդականորեն ընտրված Կաթողիկոս՝ նա ընտրվել է Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներ, և հանդիսանում է կանոնականորեն օծված Գլուխը։

Հայաստանի գործող իշխանությունները և նրանց հետևում կանգնած ուժերը փորձում են պառակտել եկեղեցին, ստեղծել այլընտրանքային աթոռ և նշանակել իրենց կողմից «ընտրված» կաթողիկոս։ Ներկայիս իշխանությունների իրական նպատակը՝ հակառակ Սահմանադրությանն ու գործող օրենսդրությանը, եկեղեցու կառավարումը ամբողջությամբ իրենց ենթարկելն է՝ քայքայելով երկու հազարամյա եկեղեցու միասնությունը։

Այս փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ սուտը չի կարող հաղթել Ճշմարտությանն ու Արդարությանը։ Նման գործողություններն ուղղված են հայ ժողովրդի հավաքական ինքնության և միասնության դեմ, հավատքի պահապանի՝ Աստծո կողմից հիմնված և առաքյալների կողմից հաստատված մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Դրանք տանում են ինքնաքայքայման, քանի որ դրանց նախաձեռնողները չեն ամաչում մարդկանցից և չեն վախենում Աստծուց։

Հիշեցնում ենք, որ այսօր Լուսավորչի աթոռին, օրինական և առաքելական իրավահաջորդականությամբ, բազմում է համաժողովրդականորեն ընտրված և կանոնականորեն օծված Գերագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդը», — ասվում է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի թեմական խորհրդի և ծխական խորհուրդների հայտարարության մեջ։