Ռուսաստանի հայ համայնքը դեմ է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական գործողություններին

18 Դեկտեմբերի 2025, 19:15

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության գիտության և մշակույթի հայտնի հայ գործիչները հայտարարություն են տարածել եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական և հակաիրավական գործողությունների կապակցությամբ:

«Մենք՝ հայ ժողովրդի ներկայացուցիչներս՝ Ռուսաստանի հայ համայնքի անդամներս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող և լայն արձագանք ստացած հակաեկեղեցական գործունեության կապակցությամբ։ «Հայրենիք, Եկեղեցի, Արժանապատվություն» կարգախոսի ներքո դիմում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պահանջում ենք անհապաղ դադարեցնել հակաօրինական գործողությունները Մայր Եկեղեցու՝ Սուրբ Էջմիածնի և նրա առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ։

Չի պահպանվում Սահմանադրությունը, խախտվում են Հայ Առաքելական Եկեղեցու իրավունքները, ոտնահարվում են ժողովրդավարական արժեքները, խղճի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության մասին օրենքները։ Հոգևորականների, ազգային բարերարի և Հայ եկեղեցու հավատարիմ որդիների ձերբակալությունները, ինչպես նաև հավատացյալների զգացմունքների շարունակական վիրավորանքները կործանարար հարվածներ են հասցնում ազգային միասնությանը, ծնում են խառնաշփոթ և պառակտում հայ հասարակության ներսում։

Այսօր, երբ Արցախը և նրա եկեղեցիները ավերված են, հայ ժողովուրդը կանգնած է աննախադեպ փորձությունների առաջ։ Հասարակությունը պետք է պահպանի հանգստություն և միասնություն, դրսևորի դիմացկունություն, մերժի սուտն ու սադրիչ կոչերը, հավատարիմ մնա իր հոգևոր-բարոյական ավանդույթներին և մշակութային արմատներին։

Կոչ ենք անում ազատ արձակել Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևորականներին և պաշտպաններին։ Միևնույն ժամանակ դիմում ենք բոլոր հայրենակիցներին՝ ցուցաբերել վճռականություն և հաստատակամորեն կանգնել հոգևոր ժառանգության, ավանդական արժեքների և ազգային հիմքերի պաշտպանության դիրքերում, որոնց խորհրդանիշն է ամբողջ աշխարհում ապրող հայերին միավորող Առաջնային Սուրբ Էջմիածինը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ», — ասվում է հայտարարությունում։