Ռուսաստանի հայերի միությունը դիմել Է ՌԴ ՔԿ՝ Արցախում Ադրբեջանի կողմից հուշարձանների nչնչացման հետ կապված

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ Քննչական կոմիտե՝ Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի և մի շարք այլ հերոսների հուշարձանների պղծման փաստով:

Մեծ Հաղթանակի 80-ամյակի տարում պղծվել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը։ Շուշիում ոչնչացվել են խորհրդային ականավոր զորահրամանատարների և պետական գործիչների, այդ թվում՝ մարշալ Խանփերյանցի, օդաչու Նելսոն Ստեփանյանի և Հովհաննես Թևոսյանի հուշարձանները, որոնք առանցքային դեր են խաղացել ԽՍՀՄ արդյունաբերության տարհանման գործում: Վերացվել են Հայրենական մեծ պատերազմի զինվորների զանգվածային գերեզմանները։ Վանդալիզմի այս գործողությունները շարունակում են ջնջել պատմական հիշողությունը։ Կազմակերպությունում դա անվանել են պատմական հիշողությունը ջնջելու և խորհրդային ժողովրդի հերոսությունը արժեզրկելու Ադրբեջանի քաղաքականության մաս:

ՌՀՄ-ն ընդգծել է, որ նման գործողություններ տեղի են ունենում ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև այլ երկրներում, որտեղ արձանագրվում են խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման դեպքեր: Կազմակերպությունում դա համարում են հակառուսական արշավի մի մաս, որն ուղղված է պատմության վերանայմանը և սերունդների շարունակականության խաթարմանը: Այս կապակցությամբ ՌՀՄ-ն կոչ է արել Ռուսաստանի իրավապահ մարմիններին պատշաճ գնահատական տալ վանդալիզմի այս գործողություններին և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տվյալներով՝ այսօր քննիչների վարույթում են գտնվում քրեական գործեր, որոնք քննվում են 15 եվրոպական պետությունների՝ Լատվիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Գերմանիայի, Չեխիայի, Հունաստանի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Ռումինիայի և Մոլդովայի տարածքում գտնվող խորհրդային զինվորների զինվորական գերեզմանների, հուշարձանների պղծման, ոչնչացման կամ վնասման 167 փաստերով:

«Այս խայտառակ ցուցակի թեկնածուն վաղուց Ադրբեջանն է, որի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի հաղթանակի հերոսական էջերի հետ կապված հուշարձանների պղծման և ոչնչացման քաղաքականություն»,- նշված է հայտարարությունում:

Հիմա եթերում