Ռուսաստանի հայերը նշել են Հայրենիքի պաշտպանի օրը
25 Փետրվարի 2025, 19:20
Փետրվարի 23-ին Ռուսաստանում նշել են Հայրենիքի պաշտպանի օրը։ Տոնի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին մասնակցել են նաև Ռուսաստանի հայերը:
Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և լեգենդար զորավար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի գլխավորությամբ, եկեղեցու հոգևորականները, ծխականները, զինվորականները, վետերանները, գիտության և կրթության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Կրեմլի պատի մոտ՝ Անհայտ զինվորի գերեզմանին և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։
«Այս համաժողովրդական տոնը, որի իմաստը հայրենիքի սահմանների պաշտպանությունն է, մեկ անգամ ևս հիշեցնում է մեզ, որ մենք պետք է ապրենք ընդհանուր պատմական հիշողությամբ։ Մենք պարտավոր ենք ոչ միայն վառ պահել մեր պապերի հիշատակն ու նրանց սխրանքը, այլև երիտասարդ սերնդին դաստիարակել նույն ոգով՝ հայրենասեր, քաջ ու հայրենիքին նվիրված»,- իր խոսքում նշել է Եզրաս սրբազանը։



