Ռուսաստանի միջնորդական մանդատի զրոյացումը հանգեցրեց Արցախի կորստին. Ռոբերտ Քոչարյան
17 Փետրվարի 2025, 11:50
Այն ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանն անհաջողություններ ուներ Ուկրաինայում, Հայաստանի իշխանությունները որոշեցին, որ այն պարտվում է, փլուզվում է, և ճիշտ ժամանակն է «թռնել գնացքի վերջին վագոնի մեջ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, այս որոշումով զրոյացվեց Ռուսաստանի միջնորդության մանդատը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միջնորդ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ։
«Երբ հայտարարվում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, ապա դրանով միջնորդական առաքելությունը զրոյացվում է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ Արցախի հանձնումը տեղի է ունեցել երկու փուլով։ Առաջին փուլն, ըստ նրա, 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրորդ փուլը՝ 2020թ․ պատերազմից հետո մինչև 2023թ․։
Նա հիշեցրեց, որ 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած, արհամարհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված հետաքրքիր և ընդունելի առաջարկը։
«Ըստ էության՝ նա հայտարարեց, որ սկսում է զրոյական կետից։ Սա նշանակում էր, որ ինքը համանախագահողներին ասում է՝ դուք ո՞վ եք, ինչո՞վ էիք զբաղված 25 տարի։ Ես կինոյի տղան եմ, եկել եմ, ինչ կուզեմ, դա էլ կբանակցեմ։ Ըստ էության, բանակցային գործընթացը մտավ փակուղի։ Հետո նա (Նիկոլ Փաշինյանը) ասաց, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ եթե Արցախը Հայաստան է, ապա ինչի՞ մասին կարող ենք բանակցել։ Ըստ էության, դա պատերազմի կոչ էր։ Այս մոտեցումն անխուսափելիորեն հանգեցրեց պատերազմի»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այդ շրջանում տպավորություն էր ստեղծվում, թե Փաշինյանը Հայաստանի պատմության ամենից ոչ մի թիզական ղեկավարն է։
«2018-2020 թթ-ին Հայաստանի առաջին դեմքը երևակայեց, որ ինքը կովկասյան Ռեմբո է, կարող է անել այն, ինչ ինքն ուզում է։ Պատերազմում պարտվելուց հետո ոչ մի թիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ ՀՀ երկրորդ նախագահի՝ հիանալի հնարավորություններ են եղել ընդունելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը և շարունակել բանակցությունները։
«Ամեն դեպքում, պատերազմից խուսափելու հիանալի հնարավորություն կար։ Փորձենք հասկանալ, թե որն է պատճառը։ Իմ կարծիքով ՝ առաջին հերթին մեծամտությունը, գոնե երկու-երեք քայլ առաջ հաշվարկելու անկարողությունը, ինչպես նաև արկածախնդրությունը։ Այլ բացատրություններ չկան։ Գիտե՞ք, դիվանագիտության արվեստը չուգունե գլխով պատ ջարդելը չէ, դիվանագիտության արվեստն այդ պատի մեջ դուռ փնտրելն է, եթե մոռանում ենք դրա մասին, ապա ստանում ենք այն, ինչ ստացել ենք»,- նշել է Քոչարյանը։
Երկրորդ կոպիտ սխալն, ըստ նրա, կատարվել է Պրահայում։
«Սա Ղարաբաղը հանձնելու երկրորդ փուլն է, այն սկսվել է Պրահայում հայտարարությամբ, որով Ղարաբաղը ճանաչվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի կազմում։ Դա դատավճիռ էր Ղարաբաղի համար։ Դա, հիշեցնեմ, տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ռուսաստանը ձախողվեց Ուկրաինայում ՝ պատերազմի ընթացքում։ Եվ Հայաստանի իշխանությունները որոշեցին, որ Ռուսաստանը պարտվում է, փլուզվում է, և ճիշտ ժամանակն է «ցատկելու գնացքի վերջին վագոնը»»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նրա խոսքով՝ վարչապետ Փաշինյանը մտածել է, որ կարող է ձեռքերը լվանալ, մի կողմ քաշվել և աշխարհաքաղաքական խաղեր սկսել:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ռուսաստանը երկիր է, պետություն, որին կարելի է այդ չափով անտեսել, նա չարաչար սխալվում է։ Այդպես չի կարող լինել»,- լրագրողներին ասել է ՀՀ երկրորդ նախագահը` հավելելով, որ դա ճակատագրական սխալ էր, որի համար բոլորը վճարեցին Արցախի կորստով։