Ռուսաստանի ընկերները չեն փակում «Սպուտնիկ»-ը. Վիտալի Միլոնովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ը փակելու մասին

24 Փետրվարի 2025, 23:05

Քաղաքականություն

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որի համաձայն՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ը, դադարեցրել է իր գործունեությունը։

Պատգամավորի խոսքով, ըստ ամենայնի, նրանք, ովքեր փակել են «Սպուտնիկ»-ը, ցանկանում են ապատեղեկատվական արշավ սկսել Ռուսաստանի դեմ։

«Կարող եմ ասել, որ Ռուսաստանի ընկերները չեն փակում «Սպուտնիկ»-ը։ Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ «Սպուտնիկ»-ը ռուսական գործակալություն է, որը ներկայացնում է ռուսական տեսակետ։ Ավելին, «Սպուտնիկ» գործակալությանը երբեք չէր կարելի մեղադրել ինչ-որ անզուսպ տեղեկատվություն տալու մեջ, միշտ պահպանվել է տեղեկատվության տրամադրման առավելագույն դիվանագիտական հավասարությունը։

Նրանք չեն ցանկանում, որ Ռուսաստանի ձայնը լսելի լինի այն մարդկանց համար, որոնք Ռուսաստանին համարում են ամենամոտ ընկերը։ Ըստ ամենայնի, նրանք, ովքեր փակել են «Սպուտնիկ»-ը, ցանկանում են ապատեղեկատվության արշավ սկսել Ռուսաստանի դեմ։ Սա չափազանց անբարյացակամ քայլ է։ Հենց այդ քայլերն են արել Մերձբալթյան երկրները։ Ես չգիտեմ, թե ինչու Ադրբեջանը որոշեց հակառուսական հռետորաբանությամբ դասվել Մերձբալթյան երկրների շարքում։ Եվ ամենակարևորը՝ այդ քայլերը չեն ուղեկցվում որևէ պաշտոնական հայտարարություններով, բացատրություններով, թե ինչու են դա արել։ Եթե նրանք այդպես են որոշել, ապա ասեք՝ ինչու եք այդպես որոշել»,- եզրափակել է Միլոնովը։