Ռուսաստանից 7 տոննա մարդասիրական օգնություն է հասել Հայաստանի ջրհեղեղից տուժած համայնքներին
28 Հունիսի 2024, 17:18
«Ռուսաստանի հումանիտար առաքելություն» կազմակերպությունը 7 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանի Լոռու մարզի Ախթալա և Քարկոպ համայնքներ, որոնք տուժել են ջրհեղեղից, հայտնում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի մամուլի ծառայությունը։
«Ախթալա են բերել տեղի առողջության կենտրոնի համար նախատեսված էլեկտրագեներատորը, մատակարարվել է նաև 500 մարդասիրական փաթեթ՝ սննդամթերքով և անձնական հիգիենայի միջոցներով։ Մի մասը տրամադրվել է նախապես կազմակերպված կետերում, մյուս մասը առաքվել է կոնկրետ հասցեներով՝ տարեցների և հաշմանդամների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից երեք մարդ մահացել է, հարյուրավոր բնակիչների տները անցել են ջրի տակ, փակվել էր նաև Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Գնացքների երթևեկությունը Այրում-Սանահին հատվածում նույնպես ընդհատվել էր ռելսերի վնասման պատճառով։ Երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի աջակցությամբ։