ՌԴ-ից Հայաստան երկաթուղային ճանապարհի բացումը ներդրում էր Կովկասում խաղաղության համար. Օվերչուկ
06 Նոյեմբերի 2025, 11:39
Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցության բացումն իրական ներդրում էր Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով», — ասել է փոխվարչապետը:
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր առաջին անգամ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն է իրականացվում երկու երկրների միջև: Օվերչուկի խոսքով՝ այդ իրադարձությունը դարձել է «իրական, շոշափելի ներդրում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում», ինչպես նաև ՌԴ-ի աշխատանքի վկայությունն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի բոլոր պետությունների տնտեսական զարգացման:
Օվերչուկն ընդգծել է, որ նոր երթուղին ամրապնդում Է ՌԴ տրանսպորտային կապը տարածաշրջանի երկրների հետ, բարձրացնում է Հայաստանի շուկաների հասանելիությունը Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետությունների ապրանքների համար և բարելավում է այդ միավորման շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար:
«Խորհրդանշական է, որ այդ ճանապարհով անցնող առաջին բեռը ռուսական հացահատիկն էր՝ ապրելու և արարելու կարևորագույն խորհրդանիշներից մեկը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ընդհանուր ձգտումը, առճակատումից համագործակցության անցումը», — հավելել է Օվերչուկը:
Նրա խոսքով՝ նոր երկաթգծի բացումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 և 2021 թվականների պայմանավորվածությունների, ինչպես նաև եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի հետևանք է՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: