Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքը 33%-ով աճել է
17 Սեպտեմբերի 2024, 18:15
Երևանում կայացել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունից բանակցություններին մասնակցել է Դմիտրի Վոլվաչը։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև զբոսաշրջությունն ակտիվորեն զարգանում է։ 2023 թվականի արդյունքներով Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքն աճել է 33%-ով. ռուս զբոսաշրջիկները կատարել են ավելի քան 1 մլն ուղևորություն դեպի Հայաստան: Հայ զբոսաշրջիկներն իրենց հերթին 2023 թվականին 366 հազար ուղևորություն են կատարել Ռուսաստան։ Հայաստանից Ռուսաստան զբոսաշրջային հոսքը 34,6% աճ է գրանցել: 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը Հայաստան կազմել է 425,7 հազար ուղևորություն, Հայաստանից Ռուսաստան՝ 159 հազար ուղևորություն», — նման տվյալներ է ներկայացրել Դմիտրի Վոլվաչը։
Օվերչուկը նշել է, որ երկկողմ համագործակցության բարձր մակարդակը բարենպաստ ազդեցություն է ունենում հայկական տնտեսության զարգացման վրա:
«Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2023 թվականին աճել է 8,7%-ով, իսկ այս տարվա 6 ամիսների ընթացքում հանրապետության ՀՆԱ-ի աճը հասել է 10,4%-ի, ինչը 3 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։ Բացի այդ, Հայաստանում սպառողական ակտիվության, մեծածախ և մանրածախ առևտրի աճ է նկատվում 25,7%-ով։ Շինարարության ծավալն աճել է 14.8%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4%-ով, ծառայությունների ծավալը՝ 10%-ով», — ասել է նա։