Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից․ Ալեքսեյ Լեոնկով

12 Փետրվարի 2026, 23:15

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում խոսել է ԱՄՆ-ի՝ Հայաստանում մոդուլային ատոմակայաններ կառուցելու ծրագրերի մասին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին աջակցությանը հունիսյան ընտրություններին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երևանյան այցի ընթացքում։

Նրա խոսքով՝ միջուկային տեխնոլոգիաների դուրսմղումը պարզապես պատրվակ է, քանի որ ամերիկացիներն այս ոլորտում իրականում ոչինչ չեն կարող առաջարկել, քանի որ ռուսական միջուկային տեխնոլոգիաներն աշխարհում առաջատարներից են։

«Սակայն իրականում ընթանում է Ռուսաստանի՝ Հարավային Կովկասից աստիճանական դուրսմղում՝ երբեմն քողարկված, երբեմն՝ բացահայտ։ Որոշ տեղերում՝ հաջողությամբ, ինչպես Ադրբեջանում, որոշ տեղերում՝ փոփոխական հաջողությամբ, ինչպես Հայաստանում, իսկ որոշ տեղերում՝ ոչ այնքան հաջող, ինչպես Վրաստանում։ Այսինքն՝ գործընթացը տարբեր երկրներում տարբեր կերպ է զարգանում։

Թրամփի ներկայիս քաղաքականությունը, որի շրջանակում նա բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ և կարծում է, թե կապել է ՌԴ-ի ձեռքն ու ոտքը, իրականում հանգեցնում է նրան, որ նրա «թիկունքում» փորձում են տարբեր համաձայնագրեր ստորագրել»,- նշել է վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ճանաչելով ամերիկյան կողմի այս քայլերն ու հնարքները, հավանաբար կսկսի վարել բոլորովին այլ արտաքին քաղաքականություն՝ չնայած նրան, որ, օրինակ, հայկական կողմը որոշ առումով նպաստում է այդ քաղաքականությանը։

«Խոսքը վերաբերում է ամերիկյան քաղաքականությանը, երբ Փաշինյանը հայտարարում է, թե չի հակադրվի Ռուսաստանին, սակայն իրականում անում է հակառակը։ Այսինքն՝ խոսքերով մեկ բան է, գործով՝ այլ բան։ Սա այնքան ակնհայտ է, որ չի կարող չառաջացնել Ռուսաստանի արձագանքը։ Իսկ թե ինչպիսին կլինի այդ արձագանքը, իհարկե, բաց հարց է։

Սակայն այն, որ Թրամփը, Ռուսաստանի հետ ռազմավարական կարևոր հարցերի շուրջ բանակցությունների պատրվակով, իրականում զբաղվում է աշխարհում ԱՄՆ դիրքերի ամրապնդմամբ՝ այնտեղ, որտեղ դա իրեն հաջողվում է, գրեթե անվիճելի փաստ է։ Հետևաբար, կարծում եմ, Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ մոտ ժամանակներս տեղի կունենան փոփոխություններ, և հնարավոր է՝ դրանք լինեն բավական արագ։ Եվ դժվար թե դրանք դուր գան ամերիկյան կողմին»,- ընդգծել է փորձագետը։