Ռուսաստանին պետք է, որ սանկցիաները վերացվեն․ Հայկ Տեր-Ներսիսյան

09 Նոյեմբերի 2024, 11:27

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանն ունի որոշակի հաջողություն ուկրաինական ֆրոնտում, բայց նրան նաև շատ պետք է, որ պատժամիջոները վերացվեն։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին։

«Միջազգային հարաբերություններում «գցելը» դասական, ամենօրյա աշխատաոճի, գործիքակազմի մի մաս է։ «Գցում» են այն խաղացողին, ով թույլ է և հետադարձ հարված չի կարող տալ։ Չեն գցում այն սցենարներում, երբ հասկանում են, որ հակառակ կողմն ունի բավարար ներուժ և կարող է պատասխանել։ Այլ կերպ ասած՝ միջազգային հարաբերություններում հիմնական բաղադրիչը ուժն է։ Ռուսաստանն ունի որոշակի հաջողություն ուկրաինական ֆրոնտում, բայց նրան նաև պետք է, որ սանկցիաները վերացվեն։ ՌԴ-ին պետք են ամերիկյան, արևմտյան շուկաները՝ խոսքը գնում է ֆինանսական հարաբերությունների մասին, օբլիգացիաները վաճառելու և առնելու, մեծ միլիարդների գործարքների մասին, որոնք ՌԴ-ին պետք են»,- նշեց Տեր-Ներսիսյանը։

Քաղաքագետի խոսքով՝ որքան հակամարտությունը շարունակվի, ՌԴ-ն ավելի մեծ կախվածություն կունենա Չինաստանից։

«Եթե իրավիճակը նույն ձև շարունակվի, ՌԴ-ն ավելի մեծ կախվածություն կունենա Չինաստանից։ Եթե մի երկիր ահռելի չափով սկսում է կախված լինել մեկ այլ երկրից, ուրեմն տվյալ երկրի շահերը զոհաբերելի են մյուս երկրի շահերին։ Այսինքն՝ եթե այնպես լինի, որ այդ երկու երկրների շահերը չհամընկնեն, կախված վիճակում գտնվող երկիրը տուժելու է։

Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններին, պետք է նշել, որ տնտեսական կոնկուրենցիան առաջին ենթաքայլն է ռազմական ուժեղացման։ Երբ ԱՄՆ-ն ասում է, որ Չինաստանը մեր տնտեսական հակառակորդն է, անվտանգային համակարգը ևս ի նկատի ունեն։ Այս պահին Թրամփի նպատակը մեկն է, որ ԱՄՆ-ն փորձի զսպել Չինաստանի աճը»,- եզրափակեց Տեր-Ներսիսյանը։

Հիմա եթերում