Ռուսաստանն այլևս Հայաստանի հետ չի կապում տարածաշրջանում մնալ-չմնալու հարցը. Վահրամ Աբաջյան
05 Հոկտեմբերի 2023, 23:45
Հայ-ռուսական հարաբերությունները վատթարացան երկուստեք , թեև նախաձեռնությունը Հայաստանինն էր։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Վահրամ Աբաջյանը։
«Հայ-ռուսական հարաբերությունների մասին կարելի է ասել, որ դրանք երբեք այսքան լարված, սուր վիճակում չեն եղել։ Պատճառները մի քանիսն են, և որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների առումով, պետք է դիտարկենք այս հարցը երեք հարթության մեջ։
Առաջինը պետք է դիտարկել Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, երկրորդը՝ տարածաշրջանային՝ նկատի ունենալով հարևան երկրները, և երրորդը՝ գլոբալ առումով, որովհետև եթե մենք չպատկերացնենք, թե ինչ է կատարվում գլոբալ առումով, մենք դժվար թե կարողանանք ամբողջական պատկեր կազմել ստեղծված իրավիճակի մասին։
Երկկողմանի հարաբերությունների դեպքում պետք է ասել, որ այդ հարաբերությունները երկուստեք վատթարացան, թեև նախաձեռնությունը Հայաստանինն էր։ Սակայն, պետք է նշել, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ էլ կային փոփոխություններ։
Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա հասկանալի է, որ 2018 թվականից հետո նոր վարչակազմը ընտրեց նոր ուղի, այսինքն, երկիրը տանել արևմտյան կառույցների ուղղությամբ։ Այստեղ հարց է ծագում՝ եթե Հայաստանը մտածում էր` թողնել Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը և ընտրել արևմտյան ուղին, ապա ի՞նչ կառույցներ պետք է փոխարինեն ՀԱՊկ-ին։ Սա մի հարց է, որի պատասխանը ես չունեմ»,- ասաց Աբաջյանը։
Ըստ նրա՝ Ռուսաստանն այլևս Հայաստանի հետ չի կապում տարածաշրջանում մնալ-չմնալու հարցը։
«Եթե Հայաստանը կարծում է՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ պայմանագրերը կարող են փոխարինել Ռուսաստանի տրամադրած անվտանգային կառույցներին, ապա մենք վերջին օրերին տեսանք, թե դրանք ինչի կարող են հանգեցնել։ Մյուս կողմից, Ռուսաստանը նույնպես շրջադարձ կատարեց և սկսեց նախապատվությունը տալ ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը, այլ Թուրքիային և Ադրբեջանին։
Ռուսաստանն այլևս Հայաստանի հետ չի կապում տարածաշրջանում մնալ-չմնալու հարցը»,- ընդգծեց նախկին դեսպանը։