Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են պահպանել երկխոսությունը, բայց նախկինի պես մտերմություն այլևս չի լինի. Ալեքսանդր Ցինկեր
13 Հոկտեմբերի 2025, 21:15
ICES միջազգային կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ Դուշանբեում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումից հետո։
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը խաղում է իր խաղը, բայց թե որքանով է ինքնուրույն, ցույց կտա ժամանակը։
«Այն, որ այդքան ուշադրություն է դարձվում Պուտինի և Ալիևի հանդիպմանը, արդեն իսկ խոսում է այն մասին, որ այդ երկրների միջև հարաբերություններն իսկապես վատացել են, և կողմերը փորձել են պարզել հարաբերությունները: Պուտինը համաձայնել է, որ հարաբերություններում խնդիր կա։ Հասկանալի է, որ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել ազդեցությունը Հարավային Կովկասում. Վրաստանի հետ խնդիրներ կան, Հայաստանի հետ խնդիրներ կան, մնացել էր Ադրբեջանը։ Ամեն դեպքում, նրանք ցանկանում են ինչ-որ կերպ կանխել Ադրբեջանի հեռացումը Ռուսաստանից։ Ադրբեջանը խաղում է իր խաղը։ Թե որքանով է ինքնուրույն, ցույց կտա ժամանակը։
Նախկին մտերմությունը չի լինի: Իսկ թե ինչպես հարաբերությունները կկառուցվեն նոր տարբերակով, ցույց կտա ժամանակը։
Հարաբերությունները մշտապես փոխվում են։ Այն ազատության մակարդակը, որը Ադրբեջանի ղեկավարությունը ուներ Ռուսաստանի, ռուսական իշխանության հետ բանակցություններում, կարծում եմ, այլևս չի լինի»,- ասել է Ցինկերը: