Ռուսաստանն ու Իրանը չընկան ծուղակը. Գրիգոր Բալասանյանը՝ Ասադի իշխանության տապալման մասին
09 Դեկտեմբերի 2024, 21:31
Ասադը չկա, այժմ պայքարը գնալու է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունն այլևս պատմություն է: Համենայնդեպս, Ասադի՝ տասնամյակներ տևած կառավարությունը ավարտվեց: Արդեն տարբեր երկրներում, այդ թվում՝ ՌԴ-ում, Սիրիայի դեսպանատան դրոշը փոխվել է և ընդդիմության դրոշն է բարձրացվել:
Թե ինչ կունենանք ապագայում, դժվար է ասել, որովհետև մենք հիմա աշխարհում չունենք Սիրիա, այնտեղ ունենք կրոնական բազմաթիվ խմբավորումներ, որոնք ունեին ժամանակին մեկ թշնամի՝ դա Ասադն էր, այնտեղ կային քրդեր, որոնք ունեին պրոամերիկյան ուղղվածություն ու որոնց թշնամին Ասադն էր: Հիմա Ասադը չկա, իրենք այժմ իրար մեջ են սկսել պայքարել ու պայքարը գնալու է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև»,- ասել է մեր զրուցակիցը:
Միջազգայնագետի համոզմամբ՝ այլ երկրի բանակը չի գալու ու կռվի քո պետության համար:
«Ըստ էության, մենք պետք է ֆիքսենք մի բան. Ասադը հերթական անգամ ապացուցեց Իսրայելի առաջին կին վարչապետի խոսքերը՝«չի կարելի պայմանավորվել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»: Մոտ 10 օր է՝ արևմտյան մամուլը գրում է, որ Ասադը, արաբական պետությունների միջոցով, Դոհայում բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ: Եթե քո բանակը պատրաստ չի կռվել քո պետության համար, ապա այլ պետություների բանակները չեն կռվելու քո փոխարեն: Սա հերթական անգամ ապացուցվեց, և այնպիսի տպավորություն էր, որ Ասադը հռետորական հարց էր ուղղում՝ դե, ինձ պետք չէ կռվել, եթե ձեզ պետք է, եկեք կռվեք»,- նշել է Գրիգոր Բալասանյանը:
Միջազգայնագետն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանը ծուղակի մեջ չհայտնվեցին, փոխարենը որոշեցին հետո իրավիճակի վրա փորձել այլ ձևաչափով ազդեցություն ունենալ:
«Ռուսաստանը, Իրանը սկզբում անվերապահ աջակցություն հայտնեցին Ասադին, բայց նկատում ենք, որ վերջին շրջանում ընդհանրապես չկռվեցին: Հասկացան, որ ծուղակ է իրենց համար պատրաստված ու չմտան դրա մեջ՝ նախընտրելով այս պահին նահանջել, բայց հետո իրավիճակի վրա փորձել այլ ձևաչափով ազդեցություն ունենալ: Հիմա արդեն հայտարարում են, որ աշխատելու են ընդդիմության հետ, ներկայումս բոլորի խնդիրն է չստեղծել հակառուսական ու հակաիրանական կառավարություն, կամ գոնե այնպես անել, որ ձևավորվող կառավարությունները չլինեն հակառուսական ու հակաիրանական»,- եզրափակել է Գրիգոր Բալասանյանը: