Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասի հարցում լուրջ հակասություններ չեն ունենա. Գեորգի Ասատրյան
31 Հունվարի 2025, 19:30
Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի գիտաշխատող, «Միջազգային գործերի ռուսական խորհրդի» փորձագետ Գեորգի Ասատրյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրին։
Ըստ փորձագետի՝ սա շատ խորը ռազմավարական գործընկերություն է, որի շնորհիվ երկու երկրները կստանան առավելագույնն իրենց դիրքերն ուժեղացնելու համար։
«Այդ համաձայնագիրը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին է։ Այն ենթադրում է ոլորտների շատ լայն շրջանակ, որտեղ երկու երկրները կհամագործակցեն՝ սկսած տնտեսությունից, վերջացրած ռազմական ոլորտով։ Համաձայնագիրը շատ լավն է, այն ենթադրում է հարաբերությունների խորացում գործունեության բոլոր ոլորտներում` ներառյալ տարբեր տեսակի տեխնիկական կարողությունների զարգացման գործընթացների մեկնարկ կամ խորացում, որոնք կամրապնդեն երկու երկրներն ընդհանուր առմամբ։
Սա, իհարկե, միություն չէ, բայց դա շատ խորը ռազմավարական գործընկերություն է, որի շնորհիվ երկու երկրները կստանան առավելագույնն իրենց դիրքերն ուժեղացնելու համար։
Համաձայնագրում կան որոշ կետեր, որոնք նախկինում ֆորմալ պատճառներով չէին կարող մշակվել, այժմ՝ այս համաձայնագրի ստորագրումից հետո, այդ կետերը կմեկնարկեն։ Ընդհանուր առմամբ՝ հարաբերությունների մակարդակը բարձրանում է։ Եվ այժմ այս համաձայնագիրը փաստացի ամրացնում է երկկողմ հարաբերությունների արդեն իսկ ստեղծված հիմքը։
Սա, իհարկե, չի նշանակում, որ հարաբերություններում չկան ինչ-որ բացասական կողմեր ՝ կապված տարբեր գործընթացների վերաբերյալ Ռուսաստանի և Իրանի տարբեր տեսակետների հետ։ Բայց ընդհանուր առմամբ համաձայնագիրը բավականին դրական է երկու կողմերի համար։ Եվ կողմերից յուրաքանչյուրը կփորձի առավելագույնը վերցնել իր դիրքերն ամրապնդելու համար։ Դա շատ ռացիոնալ է միջազգային գործերում առկա իրավիճակի տեսանկյունից»,- ասել է Ասատրյանը։
Նա միաժամանակ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գիծը տարբերվում է, օրինակ, Մերձավոր Արևելքում։
«Իրանն ունի իր թշնամիները, իր հակառակորդները, իր շահերը, իսկ տարածաշրջանում Ռուսաստանը բոլորովին այլ կերպ է պատկերացնում տարածաշրջանային դինամիկան։ Ռուսաստանն ունի իր շահերը, իր տեսակետն աշխարհի վերաբերյալ, Իրանն՝ իր։ Այստեղ գլոբալ առումով խաչմերուկներ չկան։ Սակայն միջազգային հարաբերությունների համակարգի ապագայի օրակարգը, որն ավելի բազմաբևեռ է, ավելի արդար, կիսում են ինչպես Իրանում, այնպես էլ Ռուսաստանում։
Ինչ վերաբերում է գլոբալ քաղաքականությանը և պատժամիջոցների հարցում Իրանի և Ռուսաստանի վրա Արևմուտքի ճնշմանը, ապա այս հարցում համագործակցություն կա։ Կան որոշ ասպեկտներ, որոնք Մոսկվան և Թեհրանը չեն կիսում: Բայց ընդհանուր առմամբ, հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ողջ ներուժն ու խորությունը, կարծում եմ, որ ինչ-որ խորը հակասություններ չեն առաջանա։
Կան որոշ հարցեր՝ կապված Հարավային Կովկասի հետ, բայց կարծում եմ, որ միջուկային գերտերություն Ռուսաստանի և տարածաշրջանում հզոր Իրանի միջև լուրջ հակասություններ չեն լինի։ Քաղաքական վերնախավերը փոխհամաձայնության գալու ուղիներ կգտնեն հարաբերությունների պահպանման համար, այս ռազմավարական գործընկերությունից առավելագույնը վերցնելու գինն ավելի բարձր է, քան տարածաշրջանային գործընթացներում առկա որոշ հակասությունների գինը»,- ասել է Ասատրյանը:
Հարցազրույցի ընթացքում փորձագետը մեկնաբանել է նաև Իրանում բողոքի ցույցերի նոր բռնկման հավանականությունը, ինչպես նաև այն, թե ինչպես կազդի Իրանի վրա ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալը: