Ռուսաստանում հայոց գրերի ստեղծման 1620-ամյակի առթիվ միասնական թելադրություն կգրեն

28 Սեպտեմբերի 2025, 20:20

Կրթություն

Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հայոց գրերի ստեղծման 1620-ամյակի առթիվ կկազմակերպի «Գրում ենք թելադրություն հայերեն» համառուսաստանյան ամենամյա նախագիծը՝ դրանով իսկ ընդգծելով Հայոց լեզվի նշանակությունը, ինչպես նաև Սփյուռքում մայրենի լեզվով հաղորդակցվելու անհրաժեշտությունը:

Հոկտեմբերի 11-ին նշվող Սուրբ Թարգմանչաց տոնին Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ առաքելական եկեղեցու բոլոր համայնքներում մասնակիցները կգրեն միասնական հայերեն թելադրություն։

«Գրում ենք թելադրություն հայերեն» նախագծին կարող են մասնակցել 17 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները՝ անկախ հայերենի իմացության մակարդակից:

Հարկ է նշել, որ մասնակիցների համար նախատեսված են խրախուսական նվերներ: