Ռուսաստանը ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար. Միխայիլ Գալուզին

11 Հուլիսի 2024, 09:51

Քաղաքականություն

Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Հայաստանի մասնակցության համար Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Խոսելով անվտանգության ոլորտի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, հանդես է գալիս որպես բազմաթիվ երկկողմ պայմանավորվածությունների մասնակից ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Երևանի ունեցած մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, այնտեղ այլ ճանապարհ են ընտրել, — փաստել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Հայաստանում, նրա խոսքով, նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին մասնակիցների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի ստանդարտների ներդրման, սպառազինությունների գնման կամ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման մասով։

«էլ չեմ խոսում այս օրերին Վաշինգտոնում կայանալիք այդ ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին։ Այս ամենը չի կարող ծայրահեղ ափսոսանքից բացի այլ բան չառաջացնել»,- հավելել է նա։

Գալուզինի խոսքով՝ «այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է», Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս այդ թվում սեփական անվտանգության»։

«Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր հետևանքները: Իմ կարծիքով, «երկու աթոռի վրա նստելու» փորձերի անիրականությունը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, չափազանց պարզ արտահայտվեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անցած ամսվա վերջին Մոսկվայում կայացած «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում ունեցած ելույթում՝ խոսելով Երևանի եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,- եզրափակել է Գալուզինը։