Ռուսաստանը չի հեռանում Հարավային Կովկասից. Ֆրանց Կլինցևիչ
27 Օգոստոսի 2025, 20:13
ՌԴ Դաշնային խորհրդի նախկին սենատոր, ռուս քաղաքական գործիչ Ֆրանց Կլինցևիչը Alpha News-ին տված հարցազրույցում վերլուծել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի ռազմատեխնիկական համագործակցությունը, Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության դերը, ինչպես նաև բնութագրել Ռուսաստանում ադրբեջանցի հանցագործներին աջակցելու Իլհամ Ալիևի գործողությունները։
«Ադրբեջանական բանակում ՆԱՏՕ-ի ստանդարտի ստեղծման հետ կապված թեման և, ի վերջո, ՆԱՏՕ-ի մուտքը, ցավալի է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար։ Եվ այսօր Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ դուրս գալ այդ իրավիճակից։ Նա հույսը դրել է ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ադրբեջանի, այլ իր բարեկեցության վրա։ Եվ, իհարկե, այստեղ չի կարելի բացառել թուրքական գործոնը և նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ին։ Այնտեղ հատուկ ծառայությունների երկարատև լայնածավալ խաղ է ընթանում»,- ասել է նա։
Կլինցևիչի կարծիքով՝ Ռուսաստանը չի հեռանա Անդրկովկասից, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու ցանկությունը Հայաստանին կանգնեցրել է անդունդի եզրին։
«Ռուսաստանը չի հեռանում Հարավային Կովկասից, նա չի կարող հեռանալ։ Սրանք մեր հարևաններն են, սրանք մեր ազգային անվտանգության հարցերն են։ Թե ինչպես դրանք կլուծվեն, մեզ հայտնի չէ, և այնտեղ լուրջ մասնագիտական աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով։ Բայց, ցավոք, պետք է արձանագրենք, որ Ալիևը խաբում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը, ապա գտնում նոր երաշխավոր, որը, պարզվում է, շատ կարևոր է Ալիևի համար։ Չէ՞ որ հիմնական պատճառը Ուկրաինայի տարածքում կառուցված էներգետիկ տերմինալներն ու նավթավերամշակման գործարաններն են, որոնք ապահովում են Ուկրաինայի զինված ուժերին։ Կարծում եմ՝ բազմիցս Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը նախազգուշացրել են, որ վաղ թե ուշ արձագանք կլինի։
Արդեն երեք տարի է անցել, բայց նրանց ոչ ոք չի դիպչել։ Ռուսաստանը դեռ չի բացահայտել, և դրանում է Ալիևի և Փաշինյանի սխալը։ Բայց նրանք հույսը դրեցին ուժեղ ղեկավարի և ուժեղ առաջնորդի վրա։ Հայաստանը խնդիրներ չի ունենա, քանի դեռ Թրամփը կա։ Բայց այս բոլոր անցումները սուվերեն տարածքով՝ սկսած բեռներից և վերջացրած ռազմական տեխնիկայով, ցանկացած երկրի համար ինքնիշխանության մասնակի կորուստ է։ Եվ այսօր Թրամփը, ձգտելով իր «խաղաղության մրցանակին», փաստացի Հայաստանին հասցրել է անդունդի եզրին»,- ընդգծել է Կլինցևիչը։
Քաղաքական գործիչը վստահ է, որ Ռուսաստանից հեռանալը Հայաստանի համար հղի է տարբեր հետևանքներով։
«Հայաստանի ղեկավարությունը կույր է, նա փորձում է լուծման ուղիներ գտնել, բայց այնտեղ շատ բարդություններ կան։ Չի կարելի ասել, որ այնտեղ մարդիկ այդ մասին չեն մտածում, բայց հետևանքները հսկայական կլինեն, և դրանք այսօր կապված են Ռուսաստանի բացակայության հետ։ Ռուսաստանին կարելի է հեռացնել, բայց հետո նրան վերադարձնելը շատ ավելի դժվար կլինի»,- նկատել է Alpha News-ի զրուցակիցը։
Բնութագրելով Իլհամ Ալիևի գործողությունները՝ քաղաքական գործիչը տարակուսանքով նշել է, թե ինչպես կարող է երկրի նախագահը պաշտոնական մակարդակով պաշտպանել հանցագործներին։
«Կարո՞ղ եք պատկերացնել՝ նախագահ Ալիևը պաշտոնապես պաշտպանել է քրեական հեղինակություններին, որոնք Ռուսաստանում ահաբեկում էին մարդկանց։ Ես ավելի շատ հարցեր ունեմ ոչ այնքան Ադրբեջանին, որքան մեր իրավապահ մարմիններին, թե ինչու, ունենալով այդպիսի գործոններ, այս ամենը մինչ օրս չի տեղայնացվել։ Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք կվերադառնանք դրան, և Ռուսաստանում այդ առիթով շատ լուրջ ճշգրտումներ կլինեն։ Մենք կարգուկանոն ենք հաստատում՝ դատելով այն ամենից, թե ինչ է այսօր անում Ռուսաստանի իշխանությունը։ Բայց այստեղ պետք է անել «պուտինյան ձևով»։ Պետք է զգույշ գնալ ականապատ դաշտով։ Շտապողականություն պետք չէ։ Տվյալ դեպքում դա չափազանց շահավետ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար, բայց Ադրբեջանն անցել է ռուբիկոնը՝ ի տարբերություն Հայաստանի»,- ամփոփել է Կլինցևիչը։