Ռուսաստանը չի հեռանում, նա գործում է ըստ հանգամանքների. Օլեգ Մակարենկոն՝ Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքականության մասին

Ռուս քաղաքագետ և արևելագետ Օլեգ Մակարենկոն Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ռուս-հայկական հարաբերությունները, Հայաստանի՝ դեպի Արևմուտք գնալու ցանկությունը, նաև՝ իրանա-ռուսական փոխգործակցությունն ինչպես կազդի Հայաստանի վրա Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր հակամարտության դեպքում:

«Ռուս-հայկական հարաբերությունները բավականին բարդ են զարգանում։ Որովհետև այսօրվա դրությամբ Հայաստանն ընտրել է Արևմտյան կամ Եվրոպական զարգացման ուղին, ինչպես ժամանակին ընտրել է Ուկրաինան։ Եվ այս ընտրության հետ կապված՝ հայ ժողովրդի հետ հարաբերությունները զարգանում են բարդ կամ ոչ միշտ երկու կողմերի լիակատար փոխըմբռնմամբ, ուստի դրանք կարելի է բնութագրել որպես բարդ։ Բայց, սկզբունքորեն, եթե նայեք հարաբերությունների հեռանկարներին, կարծում եմ, որ դրանք շատ լավն են։

Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարության միջև շփման և փոխըմբռնման կետեր կգտնվեն, առավել ևս ներկայիս դինամիկ փոփոխվող իրավիճակում։ Դրանք բարդ են, բայց կանխատեսելի»,- կարծում է փորձագետը։

Մեկնաբանելով Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունները՝ Օլեգ Մակարենկոն ընդգծել է, որ դա բխում է Ադրբեջանի ղեկավարության ձգտումից, որպեսզի քաղաքական միավորներ հավաքեն իրենց ընտրազանգվածի մոտ:

«Կարծում եմ, որ սա իրավիճակային թյուրիմացություն է կողմերի առաջնորդների միջև, առաջին հերթին՝ կապված Ղազախստանում կործանված ինքնաթիռի հետ։ Իսկ ադրբեջանական կողմի, նկատի ունեմ Իլհամ Ալիևի վերաբերմունքն իր ժողովրդին հաճոյանալու ցանկության շրջանակում է, որն այնքան էլ չի հասկանում այն խնդիրը, որին բախվում է ՌԴ-ն իր տարածքում ուկրաինական զինված ուժերի կողմից։ Այսինքն՝ սա իրավիճակային թյուրիմացություն է, և այն ամենը, ինչ կապված է «Ռուսական տան» կամ «Սպուտնիկ»-ի հետ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է շտկել»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով եվրաինտեգրման գործընթաց սկսելու Հայաստանի որոշմանը՝ Մակարենկոն հայտարարել է, որ նա ազատ է ընդունել այն որոշումները, որոնք անհրաժեշտ է համարում, բայց այդ ճանապարհը կարող է սխալ լինել:

«Ռուսաստանը չի հեռանում, նա գործում է ըստ իրավիճակի, և առավել ևս գոյություն ունի ժողովրդավարություն հասկացությունը։ Ժողովրդավարությունը ժողովրդի ընտրությունն է: Եթե մարդիկ ընտրում են այն ճանապարհը, որով ցանկանում են զարգանալ, և այդ ճանապարհն Արևմտյան է, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը որևէ մեկին ասի, թե ինչպես կառուցի իր ապագան։ Ուստի Ռուսաստանը սրան նայում է միայն բացառապես այն տեսանկյունից, որ Հայաստանն ինքը ցանկանում է գնալ դեպի Արևմուտք և դիտարկում է զարգացման արևմտյան ուղին։ Այդպես էլ կլինի: Մենք պետք է մարդկանց հնարավորություն տանք կա՛մ սխալվելու, կա՛մ ճիշտ որոշումներ կայացնելու: Սա այն դիրքորոշումն է, որով հիմա առաջնորդվում է Ռուսաստանը»,- ասել է Alpha News-ի զրուցակիցը։

Փորձագետն ընդգծել է նաև Հայաստանի համար ռուս-իրանական հարաբերությունների կարևորությունը նրա սահմանների անվտանգության և անձեռնմխելիության տեսանկյունից։

«Հայաստանի համար առաջին հերթին կարևորն այն է, թե ինչ է լինելու Իրանի հետ։ Այսինքն՝ Հայաստանի հարավային սահմաններում Իրանի նման դաշնակիցը շատ կարևոր բաղադրիչ է։ Հայաստանը ոչ մի դեպքում չի կարող հաշվի չառնել ՌԴ-ը և Իրանի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ ռուս-իրանական հարաբերությունները դրական են Հայաստանի համար, քանի որ դրանք լրջորեն ազդում են, ի թիվս այլոց, Թուրքիայի և Ադրբեջանի վրա։ Նկատի ունեմ կոնկրետ «Զանգեզուրի միջանցքը», քանի որ նրանք թույլ չեն տալիս զինված ուժեր գրավել կամ օգտագործել «Զանգեզուրի միջանցքում»։ Ռուսաստանի և Իրանի այս հարաբերությունները միանշանակ կազդեն Հայաստանի վրա։ Եվ հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ կլինի լսել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսին»,- եզրափակել է արևելագետը։

Մանրամասները՝ տեսայութում։