Ռուսաստանը նպատակադրված է Երևանի հետ հարաբերությունների լայնածավալ զարգացմանը. Մարիա Զախարովա
27 Մարտի 2025, 15:33

Ռուսաստանն ու Հայաստանը մշտապես պահպանել են բարեկամական կապերը, Մոսկվան նպատակադրված է լիարժեք զարգացնել հարաբերությունները Երևանի հետ և շահագրգռված է այս հարցի վերաբերյալ առարկայական քննարկում անցկացնել։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարծում եմ՝ պետք է խոսել կոնկրետ քայլերի մասին, որ այդ խոսակցությունը առարկայական լինի, ոչ թե նրբությունների կամ ինչ-որ սենսացիաների մասին: Մենք ելնում ենք նրանից, որ մեր դիրքորոշումը որոշված է և երկրի նախագահի կողմից, և դոկտրինալ փաստաթղթերով։ Եվ այն ուղղված է հենց Հայաստանի և այդ երկրի ժողովրդի հետ հարաբերությունների լիարժեք զարգացմանը», — նշել է դիվանագետը։
Զախարովան նաև ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միշտ ունեցել են բարեկամական հարաբերություններ, իսկ «պատմական համատեքստում այլ բան չէր էլ կարող լինել»։
«Մենք հարևան երկրներ ենք, և մեր հումանիտար կապերը արհեստական բնույթ չեն կրում, այլ բնական դրսևորման արդյունք են։ Մեզ վիճակված է հենց աշխարհագրությամբ, ճակատագրով, պատմությամբ զարգացնել հարաբերությունները», — եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։