Ռուսաստանը երբեք չի ձգտել ազդել Հայաստանի վրա․ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

10 Ապրիլի 2025, 12:56

Քաղաքականություն

Ռուսաստանը չի կորցրել իր ազդեցությունը Հայաստանում, և երբեք չի էլ ձգտել ազդել ՀՀ-ի վրա: Այս մասին Մոսկվայում կայացած «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» համաժողովում հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովը:

«Դա հիմարություն է, մենք չենք ազդում մեր ընկերների վրա։ Ռուսաստանը երբեք չի ձգտել ազդել Հայաստանի վրա: Մենք ուզում ենք, որ մեր ընկերների մոտ ամեն բան լավ լինի, ուզում ենք աջակցել նրանց: Ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանը լինի ազատ, անկախ, ինքնիշխան և զարգանա»,-հայտարարել է նա։

Սակայն, ըստ Չերնիշովի, կան ուժեր, որոնք չեն ցանկանում իրական անկախություն և «փորձում են խարխլել Հայաստանի և Ռուսաստանի պատմական արմատները»:

«Կան ուժեր, որոնց պետք չէ ինքնիշխան Հայաստան, որոնք չեն ցանկանում իրական անկախություն։ Այդ իսկ պատճառով նրանք փորձում են խարխլել այն պատմական արմատներն ու կապերը, որոնք կապում են Ռուսաստանն ու Հայաստանը», — ասել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակը։

Նա նաև հավելել է․ «Իմ նախապապը կռվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ղրղզստանի զինվորների հետ։ Նրանք կռվել են նույն խրամատում և, անկախ ազգությունից, կռվել են Խորհրդային Միության և իրենց երեխաների ապագայի համար»։