Ռուսաստանը երբեք նորմալ հարաբերություններ չի ունեցել Ադրբեջանի հետ․ Ասլան Ռուբաև

28 Նոյեմբերի 2025, 22:00

Քաղաքականություն

Քաղաքագետ, հետխորհրդային երկրների հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, Հայաստանում եկեղեցու և իշխանության միջև առկա հակամարտությունը, ինչպես նաև Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները։

Ըստ փորձագետի՝ Հայաստանի նոր Սահմանադրությունն ավելի շատ թուրքամետ, ադրբեջանամետ և արևմտամետ հայացքներ է պարունակում, քան հայամետ:

«Հայաստանին այս պահին անհրաժեշտ է ամբողջ երկրով դուրս գալ բողոքի ցույցերի և չընդունել այդ Սահմանադրությունը։ Այն պետք է ընդունվի միայն հանրաքվեով։ Ոչ մի դեպքում չի կարելի ընդունել Սահմանադրություն, որը չի բավարարում Հայաստանի ազգային շահերը։ Նոր Սահմանադրությունն ավելի շատ թուրքամետ, ադրբեջանամետ և արևմտամետ հայացքներ է պարունակում, քան հայամետ:

Փաշինյանը չի կատարում Հայաստանի պետական առաջադրանքները։ Նա պատվեր է կատարում՝ Հայաստանը դարձնելով մի կողմից հակառուսական, մյուս կողմից՝ հակահայկական, երրորդ կողմից՝ ադրբեջանամետ, չորրորդ կողմից՝ թուրքամետ տարածք, բայց ոչ՝ հայամետ։

Չգիտենք՝ բովանդակային առումով ինչ է իրենից ներկայացնելու Հայաստանի նոր Սահմանադրությունը, բայց, հավանաբար, այնտեղ կամրագրվեն արտաքին քաղաքական համագործակցության նոր դրույթներ։ Ամենայն հավանականությամբ՝ վերակողմնորոշում, ՀԱՊԿ-ից դուրսբերում, նոր դաշնակիցների հայտարարում, քանի որ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, հնարավոր է՝ տարածքներից վերջնականապես հրաժարում։ Հնարավոր է նաև հայկական զորքերի թվաքանակի սահմանափակում, արտադաշինքային կարգավիճակ։ Այն ամենն, ինչը Ռուսաստանն անում է Ուկրաինայի դեպքում։ Ճիշտ այդպես Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ փորձում է Հայաստանը հասցնել այնպիսի վիճակի, որ երբեք չկարողանա ռևանշի հասնել։

Ռուսաստանը գործում է՝ ելնելով նրանից, որ իր կողքին կա իրական նացիստական կազմավորում։ Հայաստանը նացիստական կազմավորում չէ։ Հայաստանը պարզապես պետք չէ որպես պետություն ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային։ Եվ այստեղ հարցը հայկական հարցի վերջնական լուծումն է․ հայերը պետք է վերածվեն, ինչպես ժամանակին հրեաները, ցրված ժողովրդի, որպեսզի չունենան հող, տարածք և ինքնագիտակցության զգացում։ Սա Թուրքիայի խնդիրն է։ Թուրքիան այսօր ցանկանում է որպես պետություն ապամոնտաժել Հայաստանը։ Թե ինչու է դա անում Փաշինյանը, անհասկանալի է։ Հայաստանն այսօր կորցնում է սուբյեկտայնության մնացորդները, կորցնում է իր բնիկ տարածքը, կորցնում է բանակը, կորցնում է երիտասարդներին անիմաստ պատերազմներում, որոնք կարելի էր ավարտել հաղթանակով և շատ արագ։ Այս ամենն ինձ շփոթեցնում է։ Ինչո՞ւ փոխել Սահմանադրությունը, որը լիովին համապատասխանում է Հայաստանի շահերին, ինձ համար անհասկանալի է»,- ասել է Ռուբաևը։

Քաղաքագետի խոսքով՝ այսօր Հայ Առաքելական եկեղեցին կանգնած է հայամետ դիրքերում և պաշտպանում է ազգային շահերը, իսկ Հայաստանի ժամանակակից ղեկավարությունը՝ ոչ։

«Ցավոք, Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով, երբ իշխանությունը սկսում է պառակտիչ գործողություններ՝ ներխուժելով հոգևոր դաշտ, որը չափազանց կարևոր է երկրի համար։ Հայ Առաքելական եկեղեցին հայկական մշակույթի ողնաշարն է։ Իսկ այսօր փաստացի իրականացվում է դրա ոչնչացումը, թեև հենց նա է Հայաստանի՝ որպես պետության պահպանման երաշխավորը։ Սա անկախ ինստիտուտի քաղաքական վերացումն է, որպեսզի ժողովուրդը չունենա որևէ հենարան։ Եկեղեցին կանգնած է հայամետ դիրքերում և պաշտպանում է ազգային շահերը, իսկ Հայաստանի ժամանակակից ղեկավարությունը՝ ոչ։ Ուստի, կոնֆլիկտը պարզ է ու ակնհայտ։ Մենք արդեն տեսնում ենք, որ իշխանությունը չի հանդուրժում որևէ ընդդիմության. շատերին հետապնդում են, բանտ են նստեցնում հորինված մեղադրանքներով, հեռացնում են անցանկալի լրագրողներին ու փորձագետներին։ Այս ամենը հիշեցնում է 2014 թվականի Ուկրաինան՝ բռնաճնշումներ այլախոհների նկատմամբ»,- նշել է Ռուբաևը։