Ռուսաստանը և Չինաստանը կկարողանան միմյանց լրացնել Հարավային Կովկասի տարածաշրջանում. Ալեքսեյ Մասլով

Մոսկվայի պետական համալսարանի Ասիական և Աֆրիկյան երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մասլովն Անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման շրջանակում Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Չինաստանի և Հնդկաստանի քաղաքականությանը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ, ինչպես նաև Մոսկվայի և Պեկինի միջև ռազմաքաղաքական դաշինքի հնարավորությանը:

Փորձագետի խոսքով՝ Չինաստանը երբեք հենարան չի ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում, ուստի այժմ նրա համար կարևոր է կապեր հաստատել։

«Մենք տեսնում ենք, որ Չինաստանը և՛ Կովկասը, և՛ Անդրկովկասը դիտարկում է որպես իր «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մաս: Եվ այս առումով սա շատ կարևոր ենթակառուցվածքային և լոգիստիկ կետ է։ Մենք տեսնում ենք ֆինանսավորում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ճանապարհի համար, տեսնում ենք մեծ ներդրումներ Վրաստանում, ներդրումներ Հայաստանի տարբեր հանգույցներում։ Չինաստանի համար սա, առաջին հերթին, շատ կարևոր կետ է իր ապրանքների տեղափոխման համար, որոնք հետագայում կուղարկվեն Եվրոպա։

Միևնույն ժամանակ, կա ևս մեկ կարևոր կետ. Չինաստանը երբևէ հենարան չի ունեցել այս տարածաշրջանում, գոնե վերջին տարիներին, ուստի Չինաստանի համար շատ կարևոր է այժմ այնտեղ կապեր հաստատել: Բացի այդ, դա ապահովում է տարածաշրջանային անվտանգությունը։ Չինաստանի համար հիմա հեշտ չէ, քանի որ փորձում է հավասար հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հետ, բայց Չինաստանը սովորում է»,- ասել է Մասլովը։

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են միմյանց լրացնել Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ որպես ներդրող և որպես տարածաշրջանային անվտանգության մոդերատորներից մեկը։

«Ռուսաստանն, իհարկե, ուներ և ունի շատ մեծ շահեր այս տարածաշրջանում: Չինաստանը որպես ներդրող այսօր կարող է առաջ անցնել Ռուսաստանից, բայց պետք է հասկանալ, որ Չինաստանն այս տարածաշրջանում տարածաշրջանային հակամարտությունների լուծման փորձ չունի, որում Ռուսաստանը և՛ դրական, և՛ բացասական փորձ ունի: Ուստի կարծում եմ, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են միմյանց լրացնել որպես ներդրող և որպես տարածաշրջանային անվտանգության մոդերատոր»,- ընդգծել է Մասլովը:

Փորձագետը համոզված է, որ Հարավային Կովկասի նկատմամբ ասիական երկրների հետաքրքրությունը կաճի։

«Հնդկաստանը՝ որպես քաղաքական գործընկեր, նորություն է տարածաշրջանի համար: Հնդկաստանն այժմ ցանկանում է մատակարարել իր ապրանքները, գնել շատ ապրանքներ Հայաստանից, Վրաստանից և մասամբ Ադրբեջանից: Բացի այդ, այն մեծ հետաքրքրություն ունի ադրբեջանական նավթի նկատմամբ: Այս առումով Հնդկաստանը դժվար թե մրցակցի Չինաստանի կամ Ռուսաստանի հետ, բայց կունենա իր փոքր հատվածը։ Պետք է ակնկալել, որ ասիական երկրների շրջանում Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրությունը կաճի»,-ասել է Մասլովը։

Խոսելով Մոսկվայի և Պեկինի միջև ռազմաքաղաքական դաշինքի հնարավորության մասին՝ փորձագետը նշել է, որ դա քիչ հավանական է։

«Դժվար թե Ռուսաստանի և Չինաստանի միջև պաշտոնական ռազմական դաշինք լինի: Շատ ռազմական համաձայնություններ արդեն ներառված են գործող պայմանագրերի մեջ։ Ավելին, պաշտոնական համաձայնագիրը կարող է սրել տարածաշրջանի լարվածությունը՝ հաշվի առնելով, որ այն աշխարհը կբաժանի երկրների, որոնք կան համաձայնագրում և որոնք չկան համաձայնագրում: Ուստի և՛ Ռուսաստանին, և՛ Չինաստանին, կարծում եմ, ներկայիս ռազմական համագործակցության ծավալները բավարարում են:

Ավելին, մենք տեսնում ենք, որ ստեղծված իրավիճակում Չինաստանը որդեգրել է ռուսամետ չեզոքության բավականին ամուր դիրքորոշում, ինչը շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Այսինքն՝ առանցքային հարցերի շուրջ, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական հակամարտությունների, մենք հասել ենք բացարձակ ամբողջական կոնսենսուսի»,- եզրափակել է Մասլովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում