Ռուսաստանը եղել է և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը, իսկ հայ ժողովրդի դավաճանները կգնան դժոխք. Մեդվեդևի օգնական

20 Սեպտեմբերի 2023, 15:04

Քաղաքականություն

Դմիտրի Մեդվեդևի օգնականը պարզաբանել է Մեդվեդևի՝ երեկվա գրառումը «նրանց համար, ովքեր չեն հասկացել»: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ԱԽ փոխնախագահի խոսքով, Ռուսաստանը եղել է և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը, իսկ հայ ժողովրդի դավաճանները դժոխք կուղարկվեն: Նախօրեին, Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին, Մեդվեդևը գրառում էր կատարել «եղբայրական երկրի գործընկերոջ» մասին:

Ըստ որի, վերջինս փորձել է պատերազմում իր անփառունակ պարտության պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա, հետո նա զիջել է իր երկրի տարածքի մի մասը, հետո որոշել սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ՝ կնոջը թխվածքաբլիթներով ուղարկելով «Մոսկվայի թշնամիների մոտ»:

Մեդվեդևը հռետորական հարց էր տվել՝ գուշակեք, թե ի՞նչ ճակատագիր է նրան սպասվում:
«Ես խոսել եմ Դմիտրի Անատոլևիչի հետ։ Եթե որեւէ մեկը չի հասկանում, ապա Ռուսաստանը եղել է եւ կլինի Հայաստանի՝ որպես պետության, հայության՝ որպես ազգի գոյության երաշխավորը։

Այդպես պատվիրեց Տերը։ Եվ հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները՝ իրենց արտասահմանյան հովանավորների հետ միասին, կուղարկվեն դժոխք», — ասել է Օլեգ Օսիպովը:

Հիշեցնենք, որ ռուս պետական և քաղաքական գործիչ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան ալիքում գրել էր, թե նա պարտվեց պատերազմում, զիջեց իր երկրի տարածքի մի մասը, բայց տարօրինակ կերպով, մնաց իր տեղում: