Ռուսաստանը գլոբալ մեծ տերություն է, որը ազդեցություն կունենա տարածաշրջանում. Տիմոֆեյ Բորդաչև
27 Սեպտեմբերի 2024, 21:21
Alpha News-ի եթերում ռուս քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ Տիմոֆեյ Բորդաչովը խոսել է ԱՄՆ նախագահական ընտրություններից, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին։
«Խոշոր երկրներում ընտրություններն ազդում են բոլոր տարածաշրջանների վրա, և քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկու համաշխարհային ռազմական գերտերություններ են, ապա, իհարկե, Ռուսաստանում ներքաղաքական փոփոխություններն ազդում են ԱՄՆ-ի վրա, իսկ ամերիկյանը՝ Ռուսաստանի վրա: Ռուսական դիրքորոշումն այն է, որ անկախ նրանից՝ Հայաստանն է, թե Ամերիկան, ընտրություններն այդ երկրի ժողովրդի գործն են։
Ռուսաստանը միշտ պատրաստ է աշխատել այն նախագահի և այն պետության ղեկավարի հետ, որն ընտրվել է այդ երկրի ժողովրդի կողմից։ Հետևաբար, դժվար է պատասխանել այն հարցին, թե ինչպես կազդեն ԱՄՆ ընտրությունները Ռուսաստանի վրա: Սկզբունքորեն, մեզ չի հետաքրքրում, թե ով կդառնա Միացյալ Նահանգների նախագահ, մենք բացարձակապես պատրաստ ենք աշխատել երկու թեկնածուների հետ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մեր ամերիկացի գործընկերները որքանով են ընդունակ հասկանալու, որ ժամանակները փոխվում են, և նրանք պետք է ինչ-որ կերպ հարմարվեն:
Իսկ եթե դա գնահատենք ամերիկյան ներկայիս ընտրությունների առումով, ապա իրենք իրար մեջ կռիվ են անում։ Հանրապետականներն ու դեմոկրատները կռվում են իրար մեջ, նրանք բավականին անհաշտ դիրքորոշումներ ունեն, ուստի կարող են միմյանց մեղադրել ամեն ինչում, նույնիսկ Սատանային օգնելու մեջ։
Մենք հիշում ենք, որ երբ Բայդենն առաջադրվեց, ՌԴ նախագահն ասաց՝ աջակցում ենք նրան։ Կային փորձագետներ, որոնք կարծում էին, որ իր քաղաքական փորձի շնորհիվ Բայդենը կարողացավ լուծել այն հակամարտությունը, որն այժմ գոյություն ունի Ռուսաստանի և Ամերիկայի միջև, և որը ծավալվում է հատկապես դժբախտ Ուկրաինայի տարածքում։ Դրանից հետո Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով ասացին, որ մեզ լիովին բավարարում է Քամալա Հարիսը։
Շատ փորձագետներ և ռուս քաղաքական գործիչներ հաճախ ասում են, որ Դոնալդ Թրամփը և նրա փոխնախագահի թեկնածուն ավելի առողջ դատողություններ են անում: Այդ պատճառով, սկզբունքորեն, մեզ մոտ դա տեղի է ունենում քննարկման մակարդակում»,- ընդգծել է Տիմոֆեյ Բորդաչովը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ ռուսական դիրքորոշմանը, փորձագետը նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է խաղաղության հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում։
«Ռուսական դիրքորոշումն այն է, որ մեզ կբավարարի ցանկացած պայմանագիր, որը կբավարարի Հայաստանին և Ադրբեջանին, և որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը կհամաձայնվեն միմյանց հետ։ Սա Ռուսաստանի համար ամենակարևորն է։ Մենք փորձ ունենք, որ մեր ամերիկացի գործընկերներն օգտագործում են տարբեր տեսակի միջազգային իրավիճակներ, ոչ թե տարածաշրջանում խաղաղության հասնելու, այլ անձամբ իրենց համար ինչ-որ բան շահելու համար։
Պետք է հասկանալ, որ Ամերիկան հեռու է, իսկ Ռուսաստանն այստեղ է ՝ Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ։ Եվ Ամերիկան սկզբունքորեն անտարբեր է, թե ինչ է կատարվում այստեղ, քանի որ դա ոչ մի կերպ չի ազդում իր սեփական անվտանգության վրա։ Իսկ մեզ համար կարևորը խաղաղությունն է, և որտեղ այդ խաղաղությունը կստորագրվի, ֆունդամենտալ նշանակություն չունի Ռուսաստանի համար։
Գլխավորն այն է, որ դա խաղաղություն լինի, այլ ոչ թե ԱՄՆ-ի շահերից բխող հերթական դիվանագիտական խաղ։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի ազդեցությունն ընդհանրապես կապված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ։ Ռուսաստանը գլոբալ մեծ տերություն է, որը ազդեցություն կունենա տարածաշրջանում ՝ անկախ նրանից՝ խաղաղություն կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Իհարկե, ավելի լավ կլինի, եթե խաղաղություն լինի, որովհետև այդ ժամանակ մենք կկարողանանք նորմալ տնտեսապես համագործակցել և մշտական լարվածություն չի լինի, Հայաստանում կշարունակվեն դրական գործընթացները տնտեսության մեջ, որոնք մենք արդեն տեսնում ենք։ Այդ պատճառով Ռուսաստանի համար առաջին տեղում խաղաղությունն է, իսկ մնացած ամեն ինչի մասին մենք ինչ-որ կերպ ինքներս կհոգանք, իսկ այնտեղ, որտեղ մեզ պետք է, մենք կպահպանենք մեր ազդեցությունը»,- նշել է փորձագետը։