Ռուսաստանը գրավիչ կետ է բազմաբևեռ աշխարհում. Վլադիսլավ Գասումյանով
23 Մայիսի 2024, 22:45
Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Վլադիսլավ Գասումյանովը «Ռուսաստան և աշխարհ. երկխոսություններ-2024. Ներգրավման ուժեր» 8-րդ միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակներում անդրադարձել է Ռուսաստանի դերին բազմաբևեռ աշխարհում։
«Մենք (Ռուսաստանը) գրավում ենք ոչ միայն մեր աշխարհագրությամբ և հարստությամբ, այլ մեր ավանդական արժեքներով։ Մենք ելնում ենք նրանից, որ մարդիկ միշտ ձգտում են ինչ-որ նոր, լուսավոր, հասկանալի բանի, և դա հենց Ռուսաստանն է։ Չպետք է ամաչենք և պետք է փորձենք գեղեցկացնել կամ գեղեցիկ ցույց տալ Ռուսաստանը։ Մենք աշխատում ենք մեր երկրի մասին օբյեկտիվ պատկերացում ստեղծելու ուղղությամբ, քանի որ կարծում ենք, որ բազմաբևեռ աշխարհում միշտ կան գրավիչ կետեր, և Ռուսաստանն այդ երկրներից մեկն է։ Մենք միշտ տարբերվել ենք այլ երկրներից նրանով, որ մեր հարևաններին բերել ենք գիտություն, տնտեսություն, մշակույթ՝ չփորձելով որևէ այլ բան ոչնչացնել։ Դրանում է Ռուսաստանի ձգողականության ողջ ուժը», — ասել է Գասումյանովը։
Փորձագետի խոսքով՝ ներկա իրողությունները հաշվի առնելով, պետք է ավելի ջանասիրաբար երկխոսել հարևանների հետ։
«Այժմ մարտահրավերների և սպառնալիքների մակարդակը, որոնք կան տարբեր երկրների նկատմամբ, շատ բարձր է։ Մենք պետք է ավելի ջանասիրաբար մոտենանք նրան, թե ինչպես երկխոսենք մեր հարևանների հետ: Նախ, պետք է վերանայել որոշ ձևաչափեր։ Երկրորդ՝ պետք է ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի այդ երկխոսությունը կայանա, և դրանից գոհ լինեն բոլոր կողմերը։ Այս առումով կարծում ենք՝ հաշվի առնելով այն իրականությունը, որն առկա է մեր ներկա ժամանակներում, պետք է վերանայենք ինչ-որ մոտեցումներ։ Սա մենք դնում ենք «վերահավաքագրում» բառի մեջ: Ժամանակը շարժվում է, կյանքում միշտ ինչ-որ նոր բան է տեղի ունենում, ուստի պետք է պարզապես համարժեք արձագանքել այն փոփոխություններին, որոնք կան աշխարհում», — եզրափակել է Գասումյանովը։