Ռուսաստանը Հարավային Կովկասից չի կարող հեռանալ. աշխարհագրորեն նա այստեղ է. Իվան Տիմոֆեև

02 Սեպտեմբերի 2025, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևը Alpha News-ի հետ զրույցում խոսել է Չինաստանում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների, ինչպես նաև Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների և Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի վրա դրանց ազդեցության մասին:

Փորձագետի կարծիքով՝ ՇՀԿ-ն իրեն դրսևորել է որպես կայացած և հեղինակավոր ձևաչափ։

«ՇՀԿ-ն իսկապես միավորում է խոշոր տնտեսություններն ու այսպես կոչված նոր տերություններին։ ՇՀԿ-ն արևմտյան ինստիտուտ չէ, սակայն միևնույն ժամանակ դրա օրակարգը բախումնային չէ: Այն ստեղծվել է ոչ թե որպես Արևմուտքին հակակշիռ, այլ որպես տարածաշրջանային կոնկրետ խնդիրների լուծման ինստիտուտ, առաջին հերթին տնտեսության և անվտանգության ոլորտում։ Չինաստանն ավելի շատ առաջ էր տանում տնտեսական օրակարգը, Ռուսաստանը շեշտը դնում էր անվտանգության հարցերի վրա։ ՇՀԿ-ն բավականին գրավիչ հարթակ է։

Մենք տեսել ենք նաև կազմակերպության ընդլայնումը։ Չի կարելի ասել, որ այն համադրելի է Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի հետ. այն բոլորովին այլ ձեռագիր ունի։ Բայց այն, որ այն գոյություն ունի այդքան երկար ժամանակ, և գագաթաժողովներն անցկացվում են ներկայացուցչական մակարդակով, խոսում է այն մասին, որ այն իր անդամների համար ֆունկցիոնալ է, կատարում է այն խնդիրները, որոնք իր առջև դրված են, և իսկապես իրեն դրսևորել է որպես կայացած և հեղինակավոր ձևաչափ», — ասել է Տիմոֆեևը։

Նա նաև նշել է, որ Դոնալդ Թրամփի քայլերը հանգեցրել են ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի շրջանակներում համագործակցության ակտիվացմանը:

Անդրադառնալով Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին՝ քաղաքագետը նշել է, որ ամերիկյան առաջնորդի խաղաղարար դիրքորոշումն ինքնին դրական է, բայց արդյունավետությունը մնում է հարցականի տակ:

«Թրամփն այժմ ձգտում է հնարավորինս շատ հակամարտություններ լուծել։ Դա ավելի լավ է, քան պատերազմ խաղալը: Բայց հարցն արդյունավետության մեջ է. Հարավային Կովկասը բարդ տարածաշրջան է։ Լավ է, որ առաջնորդների միջև կան խաղաղ նախաձեռնություններ և հաղորդակցություն, բայց մեծ հարցն այն է, թե արդյոք կլինի կայուն երկարաժամկետ լուծում: Ադրբեջանում և Հայաստանում տրամադրությունները տարբեր են, ռազմական գործողությունների սպիները իրենց զգացնել կտան երկար ժամանակ։ Սա հանրահաշվական խնդիր չէ, որը կարելի է արագ լուծել։ Ադրբեջանում և Հայաստանում տրամադրությունները տարբեր են, պատերազմի հետևանքները երկար կզգան։ Դա խնդիր չէ, որը կարելի է արագ լուծել։

Ռուսաստանն ամեն դեպքում չի հեռանա Հարավային Կովկասից, քանի որ աշխարհագրորեն այնտեղ է։ ԱՄՆ-ն առաջ է տանում իր օրակարգը, բայց դրա կայունությունը հարցականի տակ է»-, եզրափակել է փորձագետը։

Հիմա եթերում