Ռուսաստանը Հայաստան է ուղարկել 40 տոննա մարդասիրական օգնություն
22 Նոյեմբերի 2023, 14:28
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստան է ուղարկել 40 տոննա մարդասիրական օգնություն՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանվածների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
«ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը մերձմոսկովյան «Ժուկովսկի» օդանավակայանից մեկնել է Երևանի օդանավակայան։ Օգնությունը կազմակերպվել է Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից։ Այն ներառում է՝ սնունդ, վերմակներ, շարժական էլեկտրակայան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի ամբողջ տարածքում՝ իբրև թե «սահմանադրական կարգը վերականգնելու համար»։ Հաջորդ օրն Արցախի իշխանությունները հայտարարել են հրադադարի մասին պայմանավորվածության մասին։ Ավելի ուշ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ին դրա գոյությունը դադարեցնելու և պետական բոլոր կառույցներն ու կազմակերպությունները լուծարելու մասին։ Դրանից հետո Արցախից ավելի քան հարյուր հազար հայ բռնի տեղահանվել է ու Հայաստան եկել: