Ռուսաստանը Հայաստանին չի խնդրել մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին. ՀՀ ԱԳ նախարար

10 Դեկտեմբերի 2024, 10:10

Քաղաքականություն

Ռուսաստանը չի խնդրել Հայաստանին մասնակցել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին: Այս մասին Ֆինլանդիա այցի շրջանակներում տեղական «Lännen Media» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Անկեղծ ասած, մեզ երբեք չեն առաջարկել, ճնշում չեն գործադրել և որևէ կերպ չեն ակնկալել մեր մասնակցությունն Ուկրաինայի պատերազմին։ Նման փորձ չի եղել», — հայտարարել է Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, հաշվի առնելով Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը, ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։

Խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության մասին՝ Միրզոյանը հավելել է, որ ֆորմալ առումով երկիրը նախկինի պես կազմակերպության մաս է կազմում, սակայն Երևանը հայտարարել է նրա գործունեությանը իր մասնակցությունը սառեցնելու մասին:

Նրա խոսքով՝ Հայաստանը տասնամյակներ շարունակ մտածել է, որ ռազմական առումով պետք է լինի այդ ռազմական դաշինքում՝ հաշվի առնելով տարածքային ամբողջականության և անկախության դեմ ագրեսիայի հնարավոր սպառնալիքի հետ կապված ընդհանուր սպառնալիքներն ու մտավախությունները:

«Մենք հավատում էինք, որ այդ կազմակերպությունը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ցավոք, վերջին տարիներին մենք ականատես եղանք մի քանի հարձակումների, և մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին։ Երբ դա տեղի ունեցավ, մենք իրական աջակցություն չստացանք: Նման պարտավորություններով դաշնակիցները պետք է օգնեն միմյանց, դա է ռազմական միության էությունը», — հայտարարել է նա։