Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում․ ՌԴ ԱԳՆ
09 Ապրիլի 2025, 13:53

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել երկրների միջև սահմանին լարվածության թուլացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
«Վերահաստատում ենք Բաքվին և Երևանին ուղղված մեր կոչը՝ ցուցաբերել զսպվածություն, քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խուսափել իրավիճակի սրմանն ուղղված ցանկացած գործողությունից»,- ասել է Զախարովան։
Ինչպես նշել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով
«Մենք պատրաստ ենք գործընկերներին աջակցություն ցուցաբերել մնացած հակասությունների հաղթահարման հարցում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ինչպես նաև տրանսպորտային, տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման, հումանիտար հարցերի լուծման հարցում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրին համապատասխան»,- ասել է նա: